Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները քննարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հատուկ շեշտադրվել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների (2023 թվականի մայիսի 14 եւ հուլիսի 15) արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարեւորությունը:
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության մասին։
Անդրադարձ է արվել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությանը: