Ինքնաշեն ու տարօրինակ հայկական զենքեր. Ոստիկանության պահոցի բացառիկ նմուշներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդիկ պատրաստում են տարօրինակ, ինքնատիպ և առաջին հայացքից սովորական կենցաղային իրեր, որոնք «Զենքի մասին» ՀՀ օրենքով համարվում են զենքեր: Դրանք այսպես կոչված` քողարկված զենքեր են: Շատ մարդիկ քողարկված զենքեր տեսնում են Ջեյմս Բոնդի ֆիլմերում, իսկ ոստիկանության քրեագիտական վարչության աշխատակիցները դրանք տեսնում են իրականում, հետազոտում և վերլուծում: Դրանք ավելի շատ ինքնաշեն զենքեր են, որոնք սովորաբար առգրավվում են: Կրողները դրանք երբեմն ինքնակամ են հանձնում: Զենքերն առգրավելու դեպքում հարուցվում է քրեական գործ, իսկ կամավոր հանձնելու դեպքում` ոչ: Քողարկված զենքերը փորձաքրեագիտական վարչությունում մնում են այնքան ժամանակ, մինչև դատարանի վճռով զենքը ոչնչացվի, օգտագործվի հատուկ ծառայությունների համար կամ պահպանվի որպես թանգարանային նմուշ:
Փոքր ինքնաշեն ատրճանակ կամ քողարկված կախազարդ
Առաջին հայացքից կախազարդ հիշեցնող այս աքսեսուարը փոքր, ինքնաշեն ատրճանակ է: Զենքի տեսակը ակոսափող հրազեն է,այսինքն` փողանցքում կան ակոսներ, որոնց շնորհիվ գնդակը շարժման ընթացքում պտտվում է և թռչում է հաստատուն ուղղությամբ: Կենտրոնի բաժնի ոստիկաններն այն առգրավել են 2-3 տարի առաջ և հանձնել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ: Բարեբախտաբար այս կախազարդը կյանք չի խլել, բայց հասցրել է վիրավորել: Գնդակը թռչում է մոտ 300 մետր: Սև շուկայում շրջանառվում է, սակայն գինը կայուն չէ: Այս քողարկված կախազարդն իր նման այլ կախազարդերի հետ ոչնչացվել է 2015-ի վերջին:
Ինքնաշեն կրակող սարք` գրիչի տեսքով
Գրչի տեսքով այս ինքնաշեն կրակող սարքը ողորկափող հրազեն է: Անհայտ անձինք այն կամավոր թողել են Աշտարակում և զանգել Նոր Նորքի բաժնի ոստիկաններին: Նրանք գտել են զինագրիչը և հանձնել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը: Քրեական գործ չի հարուցվել, քանի որ կրակող սարքը չի առգրավվել, այլ կամավոր հանձնվել է: Կրակող գրիչը կյանք չի խլել: Կախարդական գրիչը կարող է փամփուշտն արձակել մինչև 300 մետր: Իր նման մյուս գրիչների հետ ոչնչացվել է 2015-ի վերջին:
Թուր-հրացան կամ կախարդական ձեռնափայտ
Կախարդական ձեռնափայտը ոստիկաններն 8 տարի առաջ առգրավել են մի երիտասարդից, որը վիրավոր էր ձևանում: Պարզվել է, որ կախարդական ձեռնափայտը ոչ միայն կրակում է, այլ նաև քողարկված թուր է: Ձեռնափայտը փորձաքրեագիտականում պահվում է որպես թանգարանային նմուշ: Մարդու կյանք չի խլել: Սև շուկայում տարածված չէ: Մահաբեր ձեռնափայտը ոստիկանները չեն ոչնչացնի, քանի դեռ փորձաքրեագիտական վարչությունում նմանատիպ զենքեր չեն հայտնվել:
Գոտու մեջ քողարկված հարվածային դաշույն
Գոտու ճարմանդի մեջ քողարկված հարվածային դաշույնը ոստիկանները 2 տարի առաջ խուզարկությամբ առգրավել են և ուղարկել փորձաքրեագիտական վարչություն: Նմանատիպ գոտիները գործարանային արտադրության են և նախատեսված են հատուկ ծառայությունների համար: Սառը զենք է: Մարդու կյանք խլել է, թե ոչ` պարզ չէ: Սև շուկայում չի շրջանառվում, շուկայական արժեք չունի: 2016-ի վերջին կուղարկվի ոստիկանության տնտեսական վարչություն, ապա կօգտագործեն հատուկ ծառայությունները:
Գոտու ճարմա՞նդ, թե՞ կռփազենք
Կռփազենքով գոտին ոստիկանները խուզարկությամբ առգրավել են 2014-ի սեպտեմբերին և ուղարկել ոստիկանության փորձաքննության վարչություն: Գոտու ճարմանդի տակ քողարկված կռփազենքը մարդ չի սպանել, սակայն հասցրել է վիրավորել: Արհեստագործական է: Հարվածող, փշրող սառը զենք է: Այս քողարկված կռփազենքը ոչնչացվելու հերթի մեջ է: Հայաստանում կռփազենք օգտագործելը «Զենքի մասին» օրենքով արգելվում է, և սահմանված է 200000 դրամ տուգանք: Զենքի այս տեսակը սև շուկայում վաճառվում է 2000-5000 դրամով:
Գրչում քողարկված ատիպիկ սառը զենք
Առաջին հայացքից սովորական գրչի տեսք ունեցող զենքի այս տեսակը ոստիկանությունում հայտնվել է նախկին տիրոջ անզգուշության պատճառով: Սուր ծայրով այս զենքը ոստիկանները նկատել են, երբ այն ընկել է տիրոջ ծոցագրպանից: Ոստիկաններն այն առգրավել են և ուղարկել փորձաքրեագիտական վարչություն: Քողարկված սառը զենքի այս տեսակն, ի տարբերություն մյուս նմանատիպ զենքերի, հարվածելուց հետո ավելի ցավոտ ազդեցություն է թողնում, քանի որ մարդու մարմնին հարվածելուց հետո սրածայր շեղբը մնում է մարմնի մեջ: Այն չի հասցրել մարդու կյանք խլել և չի էլ հասցնի, քանի որ արդեն ոչնչացվել է: Սև շուկայում չի շրջանառվում: