«Դա ոչ թե «խաղաղության», այլ «թուրանական» խաչմերուկ է»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի իշխանությունները որոշեցին չմասնակցել ՀԱՊԿ նիստին: Կազմակերպությունից խորհուրդ են տալիս դեմարշներ չանել, կառույցի գլխավոր քարտուղարն էլ ասում է, որ «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա»: Մեր երկրի իշխանություններն էլ Մինսկ չմեկնելը մեկնաբանում են անպատասխան հարցերի առկայությամբ: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում ՀԱՊԿ նիստին չմասնակցելը:
«Ընդ որում, իմ կարծիքով, դրանք պատրվակներ են, ոչ թե պատճառներ: Պատրվակներից մեկը հայտնի է՝ ՀԱՊԿ-ը չի ասում, թե մեր սահմանը որտեղ է: Մի արհեստական պատրվակ. եթե Հայաստանի իշխանություններին էլ հարցնես, թե մեր սահմանը որտեղ է, գուցե իրենք էլ դժվարանան պատասխանել, կասեն, որ Ալիևը պետք է քարտեզը ցույց տա, որ իմանանք, թե որտեղ է: Անկլավների հարցը կա, Փաշինյանն ասում է՝ «մեզ համար խնդիր չէ, եթե հանկարծ պարզվի՝ Ադրբեջանն իրավունք ունի», ասել է, չէ՞, այդ առումով հարցեր կան: Երբ Ջերմուկի կողմից ադրբեջանցիներն առաջ եկան, հետո խոսակցություններ կային, որ մերոնք նրանց մի քիչ հետ են շպրտել, Փաշինյանին հարցրեցին, թե ինչպես է հիմա վիճակը, ասաց՝ դե, շաշկու նման է, որոշ տեղեր իրենք են առաջ եկել, որոշ տեղեր՝ մենք: Ի՞նչ է նշանակում՝ ՀԱՊԿ-ը չի ասում՝ սահմանը որտեղ է, երբ դու ինքդ ասում ես, որ Ադրբեջանի հետ դեմարկացիա ու դելիմիտացիա պետք է լինի: Եթե գիտես, թե սահմանը որտեղ է, գնա Մինսկ, քարտեզը հետդ տար, ասա՝ ՀԱՊԿ, սա է մեր սահմանը, ուզում ենք, որ գաք, այստեղ ու այստեղ կանգնեք, որ խախտումներ ու պրովոկացիաներ չլինեն, դուք էլ նպաստեք մեր անվտանգությանը, եթե սահմանի հարցն է:
Հաջորդը՝ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի արել քաղաքական հայտարարություն, չի դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ: Հասկանալի է, բայց կան իրականություններ, որոնց հետ քաղաքականության մեջ հաշվի չնստել չի կարելի: Օրինակ՝ ՀԱՊԿ-ի երկրների մեծամասնությունը Ադրբեջանի հետ ունի լավ հարաբերություններ, և չեն ուզում կոշտ հայտարարություններ անել: Այդ նույնն է, որ Ռուսաստանն ասի Հայաստանին՝ դատապարտիր թռչող սարքերի միջոցով Ուկրաինայի հարձակումը Դոնեցկի, Ռոստովի, Բելգորոդի կամ Մոսկվայի վրա: Մոսկվան չի պահանջում դա, չնայած ինքն էլ է ՀԱՊԿ-ի անդամ, մենք էլ: Մի կողմից՝ մտածում է, թե իմաստը որն է, մյուս կողմից էլ՝ Հայաստանը դժվար վիճակի մեջ է հայտնվելու, այսինքն՝ անհեթեթ պահանջներ դնել պետք չէ: Պետք են գործնական քայլեր: ՀԱՊԿ-ը ասել է, որ պատրաստ է դիտորդներ բերել, եթե դա կնպաստի անվտանգության ապահովմանը: Եթե չես համաձայնում, ուրեմն վստահ ես, որ նրանք երևի թե չեն կարող նպաստել անվտանգության ապահովմանը, կարող են նպաստել եվրոդիտորդները: Ուրեմն, այդպես էլ ասա, ոչ թե պատրվակներ հորինիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
Ընդգծում է՝ իրականությունն այն է, որ գնում է հստակ քաղաքականության փոփոխություն դեպի Արևմուտք: «Պետք է Ռուսաստանին ամեն ինչում մեղադրել. պե՞տք է ինչ-որ մեկը մեղավոր լինի, թե՞ ոչ: Ռուսաստանն ամենահարմարն է, Արևմուտքը փող է տալիս, Ռուսաստանը չի տալիս»,-նշում է մեր զրուցակիցը:
Արդյոք իշխանությունն ունի՞ նաև խնդիր հասարակությանը ցույց տալու, որ Հայաստանը փնտրում է ու գտնում այլընտրանքներ Ռուսաստանին քաղաքական ու ռազմական ոլորտներում: «Այո, ցույց է տրվում, որ աշխատանք է արվում, նույնիսկ արդյունքներ կան: Արևմուտքից միլիոնավոր դոլարներ են խոստանում տրամադրել փախստականներին օգնելու համար, ինչ-ինչ զինտեխնիկա է գալիս՝ միջին կամ միջինից մի քիչ ցածր մակարդակի: Ըստ փորձագետների, որքան հասկանում ենք, ռեալ պատերազմական գործողությունների ժամանակ դրանք այնքան էլ էֆեկտիվ չեն լինելու»,-հավելում է վերլուծաբանը:
Չեն կայանում նաև երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը մերժում է ցանկացած տեսակի հանդիպում, չնայած Հայաստանը միայն ու միայն խաղաղություն է ուզում: «Ինչո՞ւ է Փաշինյանի համար հիմա կարևոր այս «խաղաղության պայմանագիրը», որ բերի ու ինչ-որ մի բան ցույց տա ու ասի՝ մեր զոհերը սրա համար էին, «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրել: Այսինքն՝ լինի գոնե մեկ բան, որ կարողանա արդարացնել Արցախում տեղի ունեցած ողբերգությունը: Ինչպես կասեր երրորդ նախագահը՝ Ալիևի ինչի՞ն է պետք «խաղաղության պայմանագիրը», էլ ի՞նչ պիտի ստանա, որ չի ստացել: Արցախի հարցը լուծվել է Արևմուտքի հարթակում, Փաշինյանն ասել է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, այդ մասով ստացել է իր ուզածը: Ալիևը շտապելու խնդիր չունի, եթե կարողանան Փաշինյանից էլի ինչ-որ բան պոկել, կփորձեն պոկել: Եթե չի ստացվի, մի օր կստորագրեն այդ փաստաթուղթը: Շտապելու հարց չունի, բայց ունի լուծելու առաջնահերթ խնդիրներ:
Ադրբեջանի համար հիմա մի քիչ բարդ շրջան է, Արևմուտքից մի քիչ ճնշում են, կարելի է խուսանավել, սպասել: Կարող են ավելի լավ առաջարկներ լինել, հաջող տարբերակ և այլն: Հայաստանին առաջարկում են հավաքվել, սահմանը ճշտել, բնական է, որ իրենց ձեռնտու հարցեր են լինելու սեղանին, երբ հանդիպեն, էլի անկլավների հարցն է բարձրանալու: «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի պատկերացմամբ նշանակում է, որ սահմանը ճշտվում է, Ադրբեջանը զորքերը հետ է քաշում, բնականաբար, Ադրբեջանը չի ուզում դա անել, դա էլ պայմանագիրը չստորագրելու մի պատճառ»,-հավելում է մեր զրուցակիցը:
Շատ է խոսվում նաև այն մասին, որ Ադրբեջանն այս պահին քաղաքական և նաև ռազմական ճակատում կտրուկ քայլերի չի գնում, քանի որ չի «մարսել» Արցախում տեղի ունեցած աղետի հետևանքները: «Դա իրոք այդպես է: Եթե նայենք Ալիևի բոլոր քայլերը, դրանք տրամաբանության մեջ են: 44-օրյա պատերազմից հետո էլ միանգամից չսկսեց Արցախը մաքրել, քայլ առ քայլ, շրջան առ շրջան՝ Լաչին, Աղավնո, Սուս, ճանապարհներ և այլն, հիմա էլ՝ սա: Աստիճանաբար պետք է ամեն ինչ մարսի: Բացի դա, իրենք էլ պետք է հասկանան, թե ռուսները որքան ժամանակով այնտեղ կմնան, մինչև 2025 թվականը ինչպես են խաղաղապահների հետ հարաբերվում, ինչպես է լուծվում փախստականների հարցը: Մեկ էլ տեսար՝ Հայաստանը համաձայնեց Ադրբեջանի փախստականների վերադարձին, այդ դեպքում էլ իրենք կասեն՝ թող արցախցիները գան Ստեփանակերտ՝ հասկանալով, որ վստահաբար նման բան չի լինի: Մարդիկ մի անգամ 44-օրյայից հետո վերադարձան, հիմա նորից նույնը չեն անի»,-նշում է քաղաքական վերլուծաբանը:
Փաշինյանական իշխանությունը հիմա էլ ձեռնամուխ է եղել Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու գործընթացին: «Դա հերթական անգամ Փաշինյանի կողմից մի հասկացությունը մեկ ուրիշով փոխարինելն է: Ասում էր՝ «խաղաղության օրակարգ», սիրուն է հնչում, բայց եթե նայենք գետնի վրա, ապա դա նշանակում է մի օրակարգ, որ Հայաստանը քայլ առ քայլ, դանդաղ, բայց բավարարում է Ադրբեջանի պահանջները: Եթե այդպես ասեր, ավելի ճիշտ կլիներ: Հիմա ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Խաչմերուկի գովազդային հոլովակից մեկ բան է պարզ հասկացվում՝ դա «խաղաղության խաչմերուկ» չէ, «թուրանական խաչմերուկ» է, Ադրբեջանը Թուրքիայի հետ Հայաստանի միջոցով կապելու խաչմերուկ է:
Իրենց հոլովակի 95 տոկոսը նվիրված է նրան, թե Ադրբեջանն ու Թուրքիան որ գյուղերով ու քաղաքներով և ճանապարհներով կարող են իրար կապվել: Ցույց են տալիս ուղիները, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրար կապվել Հայաստանի միջոցով: Մնացած հինգ տոկոսը Հյուսիս-Հարավի մասին է, որն ուտոպիա է, և որի կարիքն առանձնապես ոչ ոք չունի: Եթե դրան ինչ-որ անուն դնենք, ապա դա «թուրանական խաչմերուկ» է Հայաստանի տարածքով: Այն կյանքի կոչելու իմաստով հնարավոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հավանությունը տան այդ բոլոր (խոսքը չորս-հինգ ճանապարհի մասին է) ճանապարհները Հայաստանի վրայով բացվելուն: Հոլովակում հստակ ու կետերով նշված է, թե որտեղ է Հայաստանը սահմանը բացում Թուրքիայի առաջ, որտեղ՝ Ադրբեջանի: Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ լծակներ են ստանալու Հայաստանի վրա ազդելու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում