ԴԱՀԿ-ն բռնագանձումը նախ կտարածվի պարտապանի եկամուտների, այնուհետև գույքի վրա. նախագիծ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Այս օրենքի ներկայիս կարգավորմամբ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածվում է միայն, եթե վերջինս չունի սեփականության իրավունքով պատկանող գույք (բացառությամբ մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջների) կամ կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ: Այսինքն, 200 000 դրամը գերազանցող պահանջների դեպքում պարտապանի գույքը ենթակա է բռնագանձման (այդ թվում՝ հարկադիր իրացման) նույնիսկ այն դեպքերում, երբ պարտապանն ունի բավարար չափով եկամուտ՝ պահանջը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու համար։
Նախագծով նախատեսվում է հնարավորություն, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ՝ եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։ Նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարևորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է, որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն, որոշ դեպքերում նաև յոթանասունհինգ տոկոս, արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից։ Առաջարկվող կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում։ Կարևորելով նաև պահանջատիրոջ օրինական շահերը՝ սահմանվել է, որ պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում