Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
kommersant.ru-ն հրապարակել է Դմիտրի Դրիձեի հոդվածը՝ «Նիկոլ Փաշինյանը չի շտապում կամուրջները այրել» վերնագրով, ուր գրված է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ «կապ» է իրականացրել Հայաստանի ժողովրդի հետ, և դրա գլխավոր թեմաներից էին Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անմիջապես նշենք, որ վարչապետը հստակ ոչինչ չի ասել։ Եղել են միայն առեղծվածային շունչ պարունակող ընդհանուր արտահայտություններ. Ռուսաստանը դեռ բարեկամ երկիր է, մենք նրան անսահման հարգում ենք և այլն։ Բայց գաղտնիք չէ, որ վերջերս խնդիրներ են ծագել՝ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանեց, թեև մենք հույս ունեինք, կամ Մոսկվան պետք է զենք մատակարարեր, բայց չմատակարարեց, իսկ դրա համար, ի դեպ, գումար է վճարվել և այլն։ Իսկ ի՞նչ է լինելու հաջորդիվ. մենք ելնելու ենք ազգային շահերից:
Նման կերպ կարելի է պատասխանել բացարձակապես ցանկացած հարցի։ Այո, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն վատթարանում են, և Փաշինյանը կարող է ռիսկի դիմել և հանդգնորեն շրջվել դեպի Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ Արևմուտք։ Մասնավորապես, արդեն երկիր են հասել ֆրանսիական զրահամեքենաներ։ Այս ամենով հանդերձ, նկատելի է, որ կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի, ավելի ճիշտ՝ Հայաստանը չի համարձակվում։ Իր հերթին Կրեմլի դիրքորոշումը տպավորիչ չէ, և նոր ոչինչ չկա. մեզ այլընտրանք չկա, Արևմուտքը հեռու է, բայց մենք մոտ ենք, մեզնից չես կարող փախչել, Ռուսաստանում ավելի շատ հայեր կան, քան բուն Հայաստանում, և այլն, և այլն։ Իրականում երևում է, որ Փաշինյանը չի շտապում կամուրջներ այրել։ Ըստ ամենայնի, նա սպասում է, թե ինչ կլինի հետո, թե որ ուղղությամբ կարող է թեքվել ճոճանակը։ Հիմնական հարցն այն է, թե հնարավո՞ր է արդյոք պահպանել հետխորհրդային ինտեգրացիան քիչ թե շատ ընդունելի մակարդակում, թե՞ դրա փլուզման գործընթացը արդեն անշրջելի է։
Հավանաբար, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները Ուկրաինայի շուրջ։ Իսկ այնտեղ գործերը, ըստ երևույթին, գնում են դեպի ձգձգվող դիրքային առճակատում։ Իսկ թե ինչ կլինի հետո, այնքան էլ պարզ չէ։ Բացի այդ, քանի դեռ նախկին խորհրդային հանրապետությունները տնտեսապես կախված են միմյանցից, անհնար է ամբողջությամբ տարանջատել նրանց. դա աքսիոմա է։ Բայց արևմտյան գործընկերները ամեն կերպ փորձում են փայտեր խցկել անիվների մեջ և ոչնչացնել այդ ամենը։ Իսկ իրենք՝ հանրապետությունները, չեն հոգնում դիվերսիֆիկացիայի մասին խոսելուց։ Բայց իրավիճակը բարելավելու համար պահանջվում են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի լրացուցիչ հստակ ջանքեր։ Պետք է ինչ-որ կերպ նոր շունչ հաղորդել այդ ամենին, և դա ակնհայտորեն հիմա հեշտ չէ: Այնուամենայնիվ, առայժմ ամեն ինչ աշխատում է։ Եվ, ըստ ամենայնի, այսօրվա համար դա էլ բավական է։ Իսկ հիմնականը այս կամ այն ուղղությամբ հանկարծակի շարժումներից խուսափելն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում