Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաշի Իլակշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ։
«Այն ոչ միայն տարանցիկ առևտրային հանգույց է, այլև նպաստում է մարդասիրական օժանդակության փոխանցմանը։ Հայաստանն իր հետաքրքրություն է արտահայտել նավահանգստի առնչությամբ։ Վերջերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հայաստանի փոխարտգործնախարարը մասնակցել են «Գլոբալ Հնդկաստան» գագաթնաժողովին։ Մենք Հայաստանի համար դյուրացնելու ենք նավահանգստի օգտագործման հնարավորությունը՝ հաղթահարելու մարտահրավերները, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է»,- նշեց դեսպանը։