Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբեմն պատմության ընթացքում հանդիպում են այնպիսի քաղաքական խմբեր կամ մարդիկ, որոնց գլխավոր նպատակը բացառապես իշխանության հասնելն է, այն էլ՝ ամեն գնով, ամեն ինչ տրորելով, բոլոր գծերն անցնելով, բայց նույնիսկ իշխանությունը զավթելուց հետո էլ նրանք չեն հագենում դրանով։ Այդպիսի մարդկանց համար իշխանատենչությունը որոշ դեպքերում հասնում է հիվանդագին աստիճանի։ Նրանք հանուն իշխանությունը ատամներով պահելու ոչ միայն ընդունակ են ծայրահեղությունների, այլև ձգտում են իշխանության նոր լծակների, ավելի ստույգ՝ ամբողջական իշխանության։ Հայտնի ստեղծագործության արտահայտությունը մի փոքր ձևափոխելու դեպքում ստացվում է, որ նրանք միանգամից ստանալու համար երբեմն իշխանությունը յուրացնում են մաս-մաս:
Տվյալ դեպքում գաղափարախոսությունը կամ պետության զարգացման տեսլականը դեր չեն կատարում, այլ հենց իշխանության լծակներին տիրանալն է դառնում ուղենիշ։ Սա մի իրողություն է, որը լավագույն ձևով բնորոշում է Փաշինյանին ու իր քաղաքական թիմին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն ու իր թիմակիցները երբեք որևէ գաղափարական ուղղվածություն չեն որդեգրել՝ նշելով, թե իրենց համար խորթ են «իզմերը»։ Իսկ «իզմերի» բացակայության դեպքում քաղաքական կուսակցությունը ոչ թե միավորում է գաղափարական համախոհների, այլ աթոռամոլ պատեհապաշտների։ Սա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ մի պահի համար որևէ գաղափարական ուղղություն կարող են վերցնել, իսկ որոշ ժամանակ անց այն փոխել հակառակ գաղափարական ուղղվածությամբ։ Ու կարևորն այն է, որ այն համընկնի իշխանությունը զավթելու կամ պահելու իրենց նպատակին։
Դեռևս 2008 թվականին՝ Մարտի 1-ին ու դրան նախորդած իրադարձությունների ժամանակ Փաշինյանը ամբոխին ուղղորդում էր իրավապահների հետ բախումների, որպեսզի իրենք կարողանան զավթել իշխանությունը։ Ու նա ոչ թե հանդես էր գալիս իր քաղաքական ծրագրով ու տեսլականով, այլ մարդկանց շահագրգռում էր իշխանությանը մասնակից դառնալու մոտիվացիայով։ Ու եթե 2008 թվականին չստացվեց զավթել իշխանությունը, ապա դա իրականություն դարձավ 10 տարի հետո՝ 2018 թվականին։ Ու կրկին Փաշինյանը գործի դրեց փողոցի միջոցով իշխանության հասնելու մեխանիզմը։ Նա ընդամենն իր համար ճանապարհ էր հարթում դեպի իշխանություն՝ օգտագործելով «հպարտ քաղաքացիներին»։ Պատահական չէ, որ նա հայտարարում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Նրան երբեք Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հետաքրքրել, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը չեն հետաքրքրել, նրան հետաքրքրել են միայն փողն ու իշխանությունը:
2018 թվականի իրադարձությունների արդյունքում Փաշինյանը հասավ «բյուրեղյա սկուտեղով մատուցված» իր երազանքին, բայց ոչ ընտրությունների արդյունքում, այլ փողոցի ճնշմամբ, այսինքն՝ պարզ իշխանազավթման միջոցով: Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան միայն այն ժամանակ (2018 թվականի դեկտեմբերի 9-ին), երբ Փաշինյանն արդեն տիրացել էր վարչապետի իր համար բաղձալի աթոռին ու տիրապետում էր վարչական ողջ ռեսուրսին, չնայած նույնիսկ այդ փուլում նա շարունակում էր փողոցային պայքարը՝ ԱԺ շրջափակում, հետագայում՝ դատարանների շրջափակում և այլն: Այսինքն, արդեն իշխանական լծակներով անցկացված 2018 թվականի արտահերթ ընտրություններով անցում կատարվեց իշխանազավթման հաջորդ փուլին։ Այդպես՝ նաև հաջորդ ընտրությունների ժամանակ:
Փաստացի Փաշինյանը իշխանության է հասել ոչ թե որպես ընդդիմություն՝ ընտրությունների միջոցով, այլ քայլ առ քայլ իշխանությունը զավթելու միջոցով։ Բայց նա օրենսդիր ու գործադիր իշխանությունը զավթելով չբավարարվեց։ Նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր իշխանության համար հակակշիռներ ապահովող մեխանիզմներ կարող են գործել։ Ու երբ դատական իշխանության մարմինները իրենց ինքնուրույն որոշումներով սկսեցին խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, Փաշինյանը թիրախավորեց դատարանները։ Արդյունքում իշխանությունների հրահրմամբ տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, դատավորները սկսեցին ճնշումների ենթարկվել, ՍԴ-ի գործող կազմը փոխելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին և այլն։
Դատական իշխանությունը իրենից մաքսիմալ կախվածության մեջ գցելու տոտալ փորձերից ու թեկուզ ոչ ամբողջական, բայց որոշակի հաջողություններ գրանցելուց հետո էլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների զավթմանը։ Ու քանի որ իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում վարկանիշ չունեն, իսկ Փաշինյանի վարկանիշը գնալով անկում էր ապրում, ապա համայնքներում իշխանությունը զավթելու նպատակին հասնելու համար նախ՝ իշխանությունները անցան լրիվ համամասնական ընտրակարգի, ապա, հասկանալով, որ դա էլ չի օգնում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ամբողջ ուժով ու ծավալով գործի դրվեցին վարչական լծակներն ու իրավական հետապնդումների գործիքակազմը։
Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ արդյունքները հայտնի դառնալուց հետո իրավապահները «հանկարծ» չարաշահումներ են «հայտնաբերում», ու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սկսվում են հետապնդումներ։ Խնդիրը մեկն է՝ չթողնել, որ հանկարծ համայնքներում ընդդիմությունը հաղթի, կամ եթե հաղթել է, չկարողանա երկար պաշտոնավարել, կամ ընդհանրապես չպաշտոնավարի։ Վանաձորում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այս մասին։ Այս ամենին զուգահեռ Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ երկրում ընդհանրապես կարող են գործել որոշ անկախ համակարգային մարմիններ։ Ուստի, նա ձեռնամուխ եղավ նաև այդ մարմինների զավթմանը. ՄԻՊ, ԲԴԽ և այլն, և այլն...
Փաստորեն, Փաշինյանն այս տարիների ընթացքում պարզապես զբաղված է ամբողջական իշխանազավթմամբ, և ինչքան շատ է նա իշխանություն զավթում, այնքան շատ է ցանկանում իր ձեռքը գցել իշխանության նոր օղակներ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում