Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Չարչօղլյանը
ՄՇԱԿՈՒՅԹ82 տարեկանում կյանքից հեռացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Այս մասին տեղեկացրին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վ. Չարչօղլյանը 1958 թվականին, ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ շարունակ բարձր մակարդակով ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին: Վ. Չարչօղլյանի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում: Վ. Չարչօղլյանը երկար տարիներ աշխատել է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր: Անվանի դիրիժորը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաև երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով հայկական, ինչպես նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Ցավակցում ենք տաղանդավոր արտիստի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին: