ԱՄՆ-ն ընդունում է, որ այլևս չի կարողանում ամբողջ աշխարհին պարտադրել իր ուզած կարգը․ Իրանի փոխարտգործնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների իշխանությունները խոստովանում են, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում նրանք այլևս չեն կարողանում իրենց կարգը պարտադրել միջազգային մյուս դերակատարներին, ասել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին՝ ISNA գործակալությանը տված հարցազրույցում։
«Եթե ամերիկացիները նախորդ տարիներին կարողանում էին ուժի միջոցով իրենց կարգը պարտադրել, ապա ներկայիս պայմաններում նրանք գիտակցում են, որ մի կողմի մոտեցման հիման վրա աշխարհակարգ կառուցել չի ստացվում։ Միջազգային ասպարեզում մի քանի դերակատարների առկայության պայմաններում նրանք չեն կարող բոլորին պարտադրել սեփական շահերը»,- ասել է Բաղերին։
Իրանի փոխարտգործնախարարը, որպես «ամերիկյան» աշխարհակարգի հաստատման տապալման փորձի օրինակ, մատնացույց է արել Պաղեստինում տիրող տրամադրությունները։
«Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Պաղեստինի ժողովուրդները հստակ ցույց տվին, որ չեն հրաժարվի իրենց շահերից՝ հանուն ամերիկյան աշխարհակարգի հաստատման ու կշարունակեն դիմակայել ամերիկյան եսակենտրոն քաղաքականությանը»,- ասել է Բաղերին՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհակարգն է «տրամաբանական և ճիշտ այլընտրանքը Միացյալ Նահանգների կողմից պարտադրված համակարգին»։
«Բազմաբևեռ աշխարհակարգի շնորհիվ է հնարավոր ապահովել անկախ երկրների շահերն ու խաղաղություն ու կայունություն բերել յուրաքանչյուր տարածաշրջան»,- խոսքն ամփոփել է Իրանի փոխարտգործնախարարը։