Արցախի անկումը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճի պատճառ․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով պատերազմից հետո այս իշխանությունների ամենախիստ քննադատներից էր, երեկ 2 ամսով կալանավորվեց՝ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մեղադրանքը թեեւ ծանր չէ` «խուլիգանության» հոդվածով է, եւ զենքի գործադրումն էլ հետեւանքներ չի ունեցել, բայց նման առիթն իշխանությունը բաց չէր թողնի: Մենք տեղեկացանք, որ Տիրան Խաչատրյանից բացի միջադեպին մասնակցել է եւս 4 անձ, որոնցից մեկն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է` Արմեն Հարությունյանը։
Ըստ մեր աղբյուրի, արցախցուն պատկանող օբյեկտում սեղանի շուրջ խոսել են Արցախի անկման մասին, Տիրան Խաչատրյանը մեղադրել է նաեւ Արայիկ Հարությունյանին` Նիկոլ Փաշինյանին հավասար։ Արցախի նախագահի եղբայրն ու մյուս արցախցիները պահել են Բաքվի բանտում գտնվող Հարությունյանի «թասիբը», ինչից էլ լեզվակռիվ, քաշքշուկ է սկսվել:
Սակայն այդ օրը բանը չի հասել հրազենին, մեկ կամ երկու օր հետո Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչյոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ ինքնապաշտպանական նկառատումներով` իր զենքից օդ է կրակել։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։