Հայաստանը ծանոթանում է մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին. պատվիրակություն է մեկնել ԱՄՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանից պատվիրակություն է մեկնել ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին, այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով ներկայումս ուսումնասիրվում են աշխարհում գոյություն ունեցող միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում` փոքր մոդուլյար ռեակտորները:
«2023 թվականի հուլիս մասին ԱՄՆ է գործուղվել աշխատանքային խումբ, վերջինիս ներկայացվել են ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները, փոքր մոդուլյար ռեակտորները և դրանց վերաբերյալ զարգացումները: Աշխատանքները շարունակվում են տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման նպատակով»,- նշել է փոխնախարարը:
Հայաստանն ուսումնասիրում է նաև միջուկային ռեակտորներ արտադրող այլ երկրների, մասնավորապես` ռուսական, հարավ-կորեական, ֆրանսիական տեխնոլոգիաները:
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուղեցույցներին համապատասխան` նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիր իրականացնող կազմակերպության ստեղծում, որը կիրականացնի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը»,- հավելել է Հակոբ Վարդանյանը:
Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նոր էներգաբլոկը նախատեսվում է թողարկել 2036 թվականին, որը կփոխարինի գործող էներգաբլոկին:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: