Համոզված ենք՝ արդարությունը վերականգնվելու է, այլ դատական ակտ չի կարող լինել, քան արդարացումը․ Սերժ Սարգսյանի պաշտպան
ԻՐԱՎՈՒՆՔՄենք համոզված ենք, որ արդարությունը վերականգնվելու է, և համոզված ենք, որ այս գործում չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացումը։
Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է, քանի որ ի սկզբանե այն չի ունեցել հանցագործության մասին տարրեր։
«Հայաստանում իրականացվող արդարադատությունից ես ակնկալիքներ չունեմ, իմ ակնկալիքները փաստերից է, որոնք մենք ներկայացրել են դատարանին։ Սպասելիքներ չունեմ, քանի որ գիտենք քաղբանտարկյալների մասին, այն կարվող գործերի մասին, որոնք այսօր իրականացվում են։ «Նիկոլ Փաշինյանական» արդարադատության մասին բոլորս լավ գիտենք»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս գործը քաղաքական փաթեթավորմամբ է հանրությանը մատուցվել։
«Այս գործը քաղաքական փաթեթավորմամբ են «թխել» և վառել են։ Այն մարդիկ, որոնք վառել են այս գործը վատ «թխելու» արդյունքում պատասխան եք տալու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով էին հանդես եկել 3-րդ նախագահի պաշտպանները։
Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբև Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։