ԱՄՆ-ն Հունաստանին առաջարկել է Ուկրաինային զենք տալ՝ 200 մլն դոլարի պաշտպանական ֆինանսավորման դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հղած նամակում առաջարկել է զենք հանձնել Ուկրաինային՝ 200 մլն դոլարի չափով պաշտպանական ֆինանսավորման դիմաց, տեղեկացրել է Kathimerini-ն։
Բլինքենն իր նամակում տեղեկացրել է, որ շահագրգռված է այն պաշտպանական պոտենցիալով, որը «Հունաստանը կարող է փոխանցել կամ վաճառել Ուկրաինային»։
«Եթե այդ հնարավորությունները հետաքրքրեն Ուկրաինային, մենք կարող ենք ուսումնասիրել լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները 200 մլն դոլարի չափով Հունաստանի համար»,- նշվել է ԱՄՆ պետքարտուղարի նամակում։
Նա նաեւ ընդգծել է, որ առաջնահերթությունը կտա Հունաստանին հակաականային տրանսպորտային միջոցների ստացման հարցում, երբ դրանք հայտնվեն վաճառքում հաջորդ տարի, եւ կքննարկի Հունաստանի պահանջմունքները, եթե հայտնվեն KC-135 տիպի լիցքավորող ինքնաթիռները։
Բլինքենն ավելացրել է, որ պաշտպանության նախարարությունն աշխատում է գների եւ Հունաստանի համար C-130J նոր ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների տվյալների տրամադրման ուղղությամբ։