Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է իր նախկին «շեֆին», ով իր սիրուհու ամուսինն էր
ԻՐԱՎՈՒՆՔԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Վահրամ Վ.-ի գործի դատական քննությունը:
Վահրամ Վ.-ն մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամ Վ.-ն անձնական լարված հարաբերությունների պատճառով իջել է իր վարած «Նիվայից», մոտեցել է «Ֆորդ» մանիշի տաքսու ղեկին նստած Արսեն Խ.-ին: Բաց պատուհանից նա փայտե մահակով՝ «բիտայով» հարվածներ է հասցրել Արսենին, ապա դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին՝ պատճառելով սրտի, սրտապարկի վնասում:
Արսեն Խ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է:
Վահրամը Արսենի կնոջ նախկին սիրեկանն է եղել: Նա աշխատել է Արսենի տաքսի-ծառայությունում՝ որպես վարորդ: Որպես հեռախոսավարուհի աշխատել է Արսենի կինը՝ Ալլան (անունը փոխված է):
Ալլան ու Արսենը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երեք անչափահաս երեխաներ ունեին՝ 7, 6 և 5 տարեկան:
Ալլան ինտիմ հարաբերությունների մեջ է մտել վարորդ Վահրամ Վ.-ի հետ:
Վերջինս շուտով ազատվել է աշխատանքից:
Վահրամը քաղաքացիական ամուսնության մեջ է մեկ այլ կնոջ հետ, նրանց խնամքին մեկ անչափահաս երեխա կա` 2014 թվականի ապրիլին ծնված: Վահրամը նույնիսկ չի հասցրել իր երեխայի հայրությունը ճանաչել…
Արսեն Խ.-ն իմացել է կնոջ՝ Ալլայի, ու Վահրամի կապի մասին: Նա սկսել է հետապնդել Վահրամին: Կնոջից փաստացի ամուսնալուծվել, բայց նրան պահել է իր կողքին:
Ալլան ամուսնու պարտադրանքով երկու անգամ սուտ մատնություն է կատարել Վահրամի վերաբերյալ՝ նրան մեղադրել է իրեն բռնաբարելու, ապա դանակահարելու մեջ:
Սուտ մատնություն կատարելու համար Ալլան դատվել ու դատապարտվել է:
2015 թվականի օգոստոսի 31-ին Արսեն Խ.-ն իր տաքսի-ծառայության գրասենյակում հանդիպել և դաժան ծեծի է ենթարկել Վահրամին: Երբ վերջինս եղել է անգիտակից վիճակում, Արսենը միզել է նրա վրա, ծեծն ու մնացած գործողությունները տեսանկարահանել է, ապա ունեցած նյութերով սկսել է վարկաբեկել Վահրամ Վ.-ին, հայտարարել է, թե «փչացրել է» նրան:
Ծեծված Վահրամին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկու օր բուժվել է, բայց Արսենի դեմ բողոք չի ներկայացրել, Արսենը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Այս ամենի հետևանքով ծայրահեղ լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արսեն Խ.-ի հետ, Վահրամը նկատել է, որ Արսենը շարունակում է հետապնդել իրեն:
Դեպքի օրը Վահրամն իր վարած մեքենան՝ սև գույնի «Նիվան», որը օրավարձով վերցրել ու որպես տաքսի էր վարում, տարել է ընկերոջ մոտ՝ նորոգելու: Փողոցում նկատել է իրեն հետևող Արսեն Խ.-ին: Վերջինս փորձել է հեռանալ, բայց Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամը մեքենայով փակել է Արսենի մեքենայի ճանապարհը, իր մեքենայի մեջ գտնվող «բիտան» վերցրել, մոտեցել է Արսենի մեքենային: Վերջինս չի հասցրել դուրս գալ մեքենայից, նստած է եղել վարորդի տեղում, պատուհանը բաց է եղել:
Վահրամը նախ «բիտայով» է հարվածներ հասցրել Արսենին, ապա դանակի երկու հարված է հասցրել նրա սրտի շրջանում…
Դեպքից հետո Վահրամն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է կատարածը…
Ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը միջնորդեց Վահրամ Վ.-ին դատապարտել 10 տարի ազատազրկման:
Դատարանը Վահրամ Վ.-ին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտեց 9 տարի ազատազրկման: