Արարատում անչափահասը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է կնոջ հետ, ով խոստացել է «նարկոտիկ»-ի դիմաց սեքսով զբաղվել նրա հետ
ԻՐԱՎՈՒՆՔԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Ղ.-ի և Նարինե Ն.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի 28-ամյա բնակչուհի Նարինե Ն.-ն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է իրենից 11 տարով փոքր, անչափահաս Անդրանիկ Ղ.-ի հետ:
Անդրանիկն առաջարկել է մտերմություն հաստատել, և Նարինեն, օգտվելով այդ առաջարկից, 17-ամյա տղային մղել է հանցավոր արարքի կատարման, այն է՝ իր հետ սեռական հարաբերություն ունենալու խոստման դիմաց փորձել է տղայից ձեռք բերել կանեփից պատրաստված խոշոր չափերի թմրամիջոց:
2015 թվականի սեպտեմբերի 11-ին Անդրանիկը մենակ գնացել է Արարատի մարզի դաշտերը, գտել ու հավաքել է կանեփ, ստացել է 106,45 գրամ մարիխուանա թմրամիջոց, որը լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու զանգել է Նարինեին: Հայտնել է, թե թմրամիջոցը ձեռք է բերել: Պայմանավորվել են հանդիպել Արտաշատի թատրոնի շենքի դիմաց:
Անդրանիկ Ղ.-ն թմրամիջոցը տարել է հանդիպման վայր, հանդիպել է Նարինեին, որից անմիջապես հետո ոստիկանները մոտեցել ու Անդրանիկին բերման են ենթարկել:
Անդրանիկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նարինե Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ամբաստանյալ Անդրանիկ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Նա հայտնել է, թե 2015 թվականի սեպտեմբերի 9-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է «Գոռդառ սեքս 30 հազար դրամով» անվանումով կայքէջի օգտատերի հետ: Վերջինս հաղորդագրությամբ հայտնել է հեռախոսահամարը: Ինքը մի քանի անգամ զանգահարել է այդ համարով: Կինը ներկայացել է Անուշ անունով: Նա պայմանավորվել է իր հետ հանդիպել Արտաշատում, բայց հանդիպման չի եկել:
Դրանից հետո ինքը նրան հաղորդագրություն է ուղարկել. «Սուտասան, դու հլը քո հալը կտեսնես»: «Անուշը» պատասխանել է սեռական բնույթի հայհոյանքներով:
Ինքն այլևս ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, այդ նույն համարից իրեն զանգել է նույն կինը, որ ներկայացել էր Անուշ անունով: Նա նշել է, թե մի բան է ուզում ասել, բայց չգիտի՝ ոնց ասի: Ինքը պնդել է, որ անպայման ասի:
Նա հայտնել է, թե ընկերուհիներն իրեն թմրամիջոց են հյուրասիրել, ինքը կախվածության մեջ է ընկել: Այնուհետև նա իրեն խնդրել է կանեփի թփեր գտնել, քաղել և փոխանցել իրեն՝ դրա դիմաց խոստանալով իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ինքը համաձայնել է:
Սեպտեմբերի 11-ին ինքը գնացել է դաշտերը, նախապես իմացած նկարագրությամբ գտել է կանեփի թփեր, ապա զանգել է «Անուշին», հետաքրքրվել է՝ թփի որ հատվածները պետք է քաղի: «Անուշի» բացատրածով քաղել, լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու հեծանիվով շարժվել է դեպի Արտաշատ: Զանգել է «Անուշին», ասել է, որ կանեփը քաղել է: Նա իրեն առաջարկել է սպասել Արտաշատի թատրոնի շենքի դիմաց:
Ինքը գնացել, այնտեղ սպասել է: Մոտեցել է մի աղջիկ, բարևել ու համբուրել է իրեն, նույն պահին մոտեցել են ոստիկաններն ու իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Իր մոտից հայտնաբերվել և առգրավվել է իր քաղած կանեփը, որ նախատեսված էր «Անուշին», այսինքն՝ Նարինեին փոխանցելու համար:
Ամբաստանյալ Նարինե Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե Անդրանիկի հետ հեռախոսով է խոսել ու կանեփ է ուզել, քանի որ մի անգամ փորձել ու… հավանել էր… Բայց երբ տեսել է, որ Անդրանիկը բերել է կանեփը, վախեցել և անմիջապես ահազանգել է ոստիկանություն…
Կատարվածը շատ նման է անչափահաս տղայի «գլխին գործ սարքելուն», ինչպես նաև «Հուդայի համբույր» տալուն… Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Նարինե Ն.-ն ճանաչվել է մեղսունակ, բայց նա համարվում է «փսիխոպաթ» անձնավորություն, կարիք ունի նյարդահոգեբույժի հսկողության:
Համայնքի ղեկավարի բնութագրի համաձայն՝ Նարինեն «ունի հանգիստ, հարմավող բնավորություն, խելացի և ուշիմ է, երբեք չի կատարել հակահասարակական արարքներ, ուշադիր է շրջապատի նկատմամբ… վայելում է ընտանիքի, ընկերական շրջապատի սերն ու հարգանքը, ամուսնացած չէ»:
Դատարանը Անդրանիկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտել է 5 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 2 տարի փորձաշրջան:
Նարինե Ն.-ն մեղավոր է ճանաչվել 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառվել, և սահմանվել է 1 տարի 6 ամիս փորձաշրջան: