Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ եւ տեխնիկական միջոցներ չկա. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել:
Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»։
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, եւ խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը։ Փաստաբանները դատարանին խնդրեցին միջնորդագիր ուղարկել ՔԿՀ։
Երեկ էլ Հակակոռուպցիոն դատարանում փաստաբան Հայկ Ալումյանն ու Լիպարիտ Սիմոնյանն էին զայրացած։ Պատճառը նույնն է. չկա անձնակազմ, որ կալանավորին բերեն դատարան կամ բերման ենթարկեն վկային ու բերեն դատարան։ Կարճ ասած, մի կողմից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորներին մեղադրում է դատական նիստերը երկարաձգելու մեջ, մյուս կողմից՝ չի նպաստում, որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունները կատարի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: