Ուշագրավ մանրամասներ՝ Արամ Ասատուրյանի առաջիկա պաշտոնանկության պատճառների մասին
ԻՐԱՎՈՒՆՔԵրևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի անվան շուրջ սկանդալ է հասունանում: Մամուլը դեռ երեկվանից հրապարակում էր, որ Ասատուրյանն ազատվել է աշխատանքից: Չնայած այդ տեղեկությունը պաշտոնապես հերքվեց, սակայն դա չի նշանակում, որ աղմուկը հոսպիտալի պետի անվան շուրջ՝ դադարեց:
Արամ Ասատուրյանի, այսպես ասած, աշխատանքից ազատման թեմայի հետ կապված՝ ԼՈւՐԵՐ.com-ին որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Եվ այսպես՝ ըստ մեր տեղեկությունների, Ասատուրյանն իսկապես աշխատանքից հեռացվելու է, դրա համար կան լուրջ ու ծանրակշիռ պատճառներ: Սակայն, դա հիմա տեղի չի ունենա:
Գալով նրա հնարավոր պաշտոնանկության պատճառներին, նշենք, որ Ասատուրյանը դեռ նախորդ տարի, երբ Պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, մի քանի անգամ զգուշացվել էր: Այն ժամանակ հոսպիտալում ստուգումների արդյունքում հայտնի էր դարձել, որ Ասատուրյանը արհեստական հիվանդություններ գրելով, հոսպիտալում զինվոր էր պահում: Պետք է նշել, որ նմանատիպ խնդիրները բավական շատ են պատահում զինվորական հոսպիտալներում, մամուլում շատ հրապարակումներ են եղել այդ մասին:
Ինչևէ: Նախարար Օհանյանը ներել է նրան՝ հաշվի առնելով լավ բժիշկ, լավ մասնագետ լինելու հանգամանքը: Բայց հետագայում ավելի խիստ ստուգումներ են անցկացվել հոսպիտալում և այլ չարաշահումներ հայտնաբերվել: Ճիշտ է՝ Ասատուրյանը այդ բացերը լրացրել է, բայց նրա պաշտոնանկության հարցն այդ ժամանակ արդեն վերջնական վճռված է եղել:
Նրան պետք է դեռևս դեկտեմբեր ամսին հեռացնեին աշխատանքից, սակայն հաշվի առնելով նախընտրական շրջանը, գործընթացը հետաձգվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ չի բացառվում նաև, որ իր պաշտոնանկության մասին լուրերն այժմ, ընտրություններից հետո, տարածվում են հենց Ասատուրյանի կամ իր մերձավորների կողմից՝ այդ կերպ փորձելով թեման քաղաքականցնել ու սրբագրել կատարվածն ու իրեն:
Քրիստինա Աղալարյան