«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին։
Մինչ Պաշտպանության նախարարությունում աշխատելը Բրուտյանը պաշտոններ է ունեցել ֆինանսական ոլորտում, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես վարչության պետ, ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական եւ այսպես շարունակ։
Բրուտյանը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք, որից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. այն 2017 թվականին ժառանգություն է ստացել փոխնախարարը։ Երկրորդ անշարժ գույքը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տունն է, որը 2012 թվականին է նվիրատվություն ստացել Բրուտյանը։
Երրորդ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Բրուտյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր։ Այն գտնվում է Ջրվեժ համայնքում։
Փոխնախարար Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար եվրո, 40 հազար ԱՄՆ դոլար եւ 55 մլն դրամ։ Բրոտյանի տարեկան եկամուտները կազմել են 19 մլն դրամ, որից 15 մլն 563 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 719 հազար դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից։ Թե ինչպես է մշտապես միայն պետական պաշտոնյա աշխատած Բրուտյանը կուտակել այդքան կանխիկ գումար, թերեւս կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Տեղեկացնենք, որ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն դրամ, որը ներառում է նաեւ 2 բնակելի տների հիփոթեքի մայր գումարի մնացորդը։
Բրուտյանը եւս այն պաշտոնյաներից է, ով պաշտոնին զուգահեռ անշարժ գույքեր է ձեռք բերում եւ գումարներ դիզում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: