Եթե տնօրենը չի կարողանում ղեկավարել դպրոցը, պահանջում ենք, որ հեռանա, իր պատճառով շատ ուսուցիչներ ենք կորցրել․ թիվ 130 դպրոցում բողոքի ակցիա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրակնացանում դպրոցի բակում՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանին հեռացնելու պահանջով։
«Դեմ եմ, որ ուսուցիչները դուրս գան, առանց ուսուցչի դպրոցը դպրոց չէ, տնօրենն այդ դեպքում ինչն է ղեկավարելու՝ չգիտեմ։ Ես չգիտեմ, թե իրականում ինչ ներքին խնդիր է եղել, ինչպես հասկացա խոսքը վերաբերում է չարաշահումներին, չեմ կարող ասել՝ եղել է այդպիսի բան, թե ոչ։ Բայց այն, որ երեք փոխտնօրեն եթե դուրս գա, դպրոցը դպրոց չի մնա, որովհետև նրանք դպրոցի կորիզն են համարվում ու հիանալի մասնագետներ են։ Այդ դեպքում իմ աղջիկն էլ այդ դպրոցում չի շարունակի սովորել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Նա նշեց, թե տեղյակ չէ՝ ինչն է փոխտնօրեններին ստիպել դուրս գալ դպրոցից։
«Տնօրենի անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե չի կարողանում ղեկավարել դպրոցը, մենք պահանջում ենք, որ ինքը հեռանա։ Տնօրենի պատճառով շատ ուսուցիչներ ենք կորցրել, եթե այսպես պետք է շարունակվի, նախընտրում ենք, որ ուսուցիչները մնան, տնօրենը հեռանա։ Երեկ մեծ դժվարությունից հետո մի քանի ծնողներով հանդիպել ենք տնօրենի հետ, ով, սակայն, մի քանի հարցի պատախանելուց հետո թողել և հեռացել է սենյակից»,- ասաց ծնողը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է։ Ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել: Երեկ էլ երեք փոխտնօրեն միաժամանակ ազատման դիմում է ներկայացրել: