Հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ քաղաքացիները որոշակի ծախսերի մասով մինչեւ 100 հազար դրամ հետ կստանան. նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊԵԿ-ի կողմից հիմա վերջնականացվում է այն տեղեկատվական պլատֆորմը, որով պետք է հայտարարագրերը լրացվեն, այն պատրաստ կլինի մարտի ընթացքում. հետագայում կլինի նաեւ բջջային հավելվածը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը:
Նշենք, որ այն արդեն փուլային ներդրման գործընթացում է եւ այս տարի հանրության որոշ շրջանակներ արդեն 2023-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն:
«2023-ի համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 1-ը»,-ասաց նա:
Նշվեց, որ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն ունի նաեւ սոցիալական կրեդիտների համակարգ. Այսինքն մարդիկ որոշ ուղղություններով փաստաթղթավորված ծախսեր անելու դեպքում հնարավորություն են ունենալու իրենց վճարած եկամտային հարկից որոշ գումարներ հետ ստանալ:
«Մենք ունենք երկու ուղղությամբ կրեդիտների հնարավորություն. Մեկը առողջապահական ծախսերն են 50 հազար դրամի չափով, մյուսը՝ կրթական ծախսերը բոլոր մակարդակներում: Դրա հնարավորությունը 100 հազար դրամ է: Սակայն այս երկուսի դեպքում, նվազեցվող գումարը չի կարող գերազանցել 100 հազար դրամը:
Օրենքով կարող են լինել նաեւ բնակարանային ապահովության հետ կապված նվազեցումներ: Այս պահին դեռ նախատեսված չեն: Հետագայում կվերանայենք նաեւ այս շեմերը»,-ասաց նախարարը: