Ագրեսիան չպետք է անպատիժ մնա. Բլինքեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ագրեսիան երբեք չպետք է անպատիժ մնա, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ սկսվել է Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարին:
«Եթե պոտենցիալ ագրեսորին հասկացնեք, որ ագրեսիան կմնա անպատիժ, ապա դուք կբացեք Պանդորայի արկղը և մյուսները նույնպես կարող են հետևել նրա օրինակին», - հայտարարել է Բլինքենը Univision հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, հենց այդ պատճառով են այդքան շատ երկրներ այդպես համառ կերպով պաշտպանում Ուկրաինային. այն և՛ ճիշտ է, և՛ խելամիտ, և՛ անհրաժեշտ:
Պետքարտուղարը անհրաժեշտություն է համարել «անել ամեն ինչ, որպեսզի մենք պաշտպանված լինենք և զսպենք ցանկացած պոտենցիալ ագրեսորների, որոնք, հնարավոր է, փնտրում են հնարավորություններ»:
«Այդ պատճառով ես մտածում եմ` կա շարունակական պարտավորություն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ աշխարհի տասնյակ երկրների կողմից: Այդ պարտավորության նպատակն է այնպես անել, որ Ուկրաինան ուժեղ ժողովրդավարություն կառուցելու համար ռազմական, տնտեսական և ժողովրդավարական առումով ունենա ամեն անհրաժեշտը»,- հայտարարել է Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ կարծում է, որ անհրաժեշտ է, որ Կոնգրեսը լրացուցիչ օգնություն տրամադրի Ուկրաինային, ինչի մասին խնդրել է նախագահ Ջո Բայդենը։
Նրա խոսքով՝ 60 միլիարդ դոլարի գրեթե ամբողջ օգնությունն իրականում ԱՄՆ-ում կծախսվի այն սարքավորումների արտադրության և կառուցման վրա, որոնք կուղարկվեն Ուկրաինա։
«Սա նշանակում է ներդրումներ կատարել ամերիկյան արդյունաբերության մեջ: Դա նշանակում է աշխատատեղեր ԱՄՆ-ում»,- ասել է Բլինքենը: - Դա փոխշահավետ է։ Սա ձեռնտու է մեզ, բայց պետք է ձեռնտու լինի նաև Ուկրաինային»։