Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան պլանավորում են Սև ծովի հատակով նոր էլեկտրական մալուխ անցկացնել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները քննարկում են Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու հարցով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Բաքվում կանաչ էներգետիկայի հարցերով նախարարական հանդիպման արդյունքները։
«Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների ներկայացուցիչները «կանաչ էներգիայի զարգացմանը» նվիրված նախարարական հանդիպման ձևաչափով Բաքվում քննարկել են սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման նախագծի իրականացումը և դրա հետ կապված հիմնական հարցերը։ Կողմերը քննարկել են նաև համատեղ ընկերության ստեղծման և ծրագրի զարգացման հետագա քայլերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը գլխավորում էր Բաքվում վրացական պատվիրակությունը, ստորջրյա էլեկտրական մալուխի միտքը հավակնոտ նախաձեռնություն է անվանել, որը վճռորոշ դեր կխաղա կայուն էներգիայի մատակարարման շղթայի ապահովման գործում և կնպաստի ծրագրին մասնակցող երկրների համագործակցությանը։ Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ստեղծման ուղղությամբ, հավելել են մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը և Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչը։