Համակարգ ենք վերացնում, սպեցնազ ենք ստեղծում, դուխով գնացեք առաջ. Կարեն Կարապետյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու նաև մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով»:
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին: ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ և ըստ անհրաժեշտության կառավարության որոշման նախագիծ: «Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես է: Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի: Ինչ պայմանավորվել ենք ձեզ հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեն բիզնես բաղադրիչ, քննարկում ենք, որպեսզի կառավարման հանձնենք մասնավորին: Այդ հարցում մենք ձեր կողքին ենք: Դուք ձևակերպեք, կլուծենք», -նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հաշվի առնելով ներկայիս շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, դրանից ելնելով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման, հաստատման կարգը սահմանելու եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագծերը:
Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցի զեկուցումից հետո էլ բուռն արձագանքեց նախարարի առաջարկին: «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, որովհետեւ կրթել-կրթել-կրթել է եւ վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ տարեց տարի: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում, սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցինք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ գյուղատնտեսության նախարարը համարձակ բարեփոխումներ է սկսել եւ կառավարությունն իրեն աջակցում է: «Դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:
Դիտել` 4-րդ րոպեից: