Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:
Այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում:
«8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է արտադրվել մեր բոլոր կայաններում միասին վերցրած: Ատոմակայանի բաժինը մոտ 30 տոկոս է, ջէկ-երի բաժինը՝ մոտ 42 տոկոս, հէկ-երինը՝ 18.6 տոկոս: Անընդհատ ավելանում է արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան և արդեն հասնում է մոտ 9 տոկոսի»,-ասաց Սանոսյանը:
Արևային կայանները նախորդ տարի արտադրել են 252 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Արևային կայանների ընդհանուր հզորությունն արդեն 473 մեգավատի է հասնում, որն, ըստ նախարարի, հսկայական թիվ է:
Նախարարի խոսքով՝ 2022-ի համեմատ ընդհանուր էներգետիկ առումով մոտ 3.7 տոկոս արտադրության նվազում է արձանագրվել, իսկ արտահանումը նվազել է 19.6 տոկոսով, ներմուծումը՝ 26 տոկոսով:
Ընդհանուր առմամբ երկրում արտադրված 8.8 կՎտժ էլեկտրաէներգիայից սպառվել է 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան: