Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Ռուսաստանը ստիպված լինի Ուկրաինայում սանիտարական գոտի ստեղծել սահմանամերձ շրջանների գնդակոծման պատճառով։ Այս մասին գրում է lenta.ru-ն:
«Չեմ բացառում, որ, նկատի ունենալով այսօր տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, մենք ստիպված կլինենք ինչ-որ պահի, երբ նպատակահարմար համարենք, ստեղծել որոշակի սանիտարական գոտի այսօրվա Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում», - ասել է Պուտինը։
Նա պարզաբանել է, որ խոսքն անվտանգության գոտու մասին է, որը դժվար կլինի հաղթահարել՝ օգտագործելով ուկրաինական զորքերի՝ առաջին հերթին արևմտյան արտադրության զենքերը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի ասածը, նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար։
«Դրանք (Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտները-Խմբ.) հնարավոր է ապահով դարձնել միայն ինչ-որ միջանցքի, ինչ-որ իսկապես բուֆերային գոտի ստեղծելու միջոցով, որպեսզի ցանկացած միջոց, որով հակառակորդը կարող է հարված հասցնել, գտնվի հասանելիության գոտուց դուրս», - պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Վերջին շրջանում Ուկրաինայի կողմից Բելգորոդի մարզի գնդակոծությունները հաճախակի են դարձել։ Անցած շաբաթվա ընթացքում մարզում 11 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզի Առողջապահության նախարարության ղեկավար Անդրեյ Իկոննիկովը։