ՀԱԲ-ի նախկին 20-ամյա անդամը տաքսու վարորդներին սպանել ու թաղել է լճափին
ԻՐԱՎՈՒՆՔՌոբերտ Ս.-ն 1990 թվականին, երբ 18-ը նոր էր լրացել, դարձել էր ՀԱԲ-ի անդամ: ՀԱԲ-ի լուծարումից հետո Ռոբերտը «սեղանիկ» էր դրել, առևտուր էր անում: Բայց սեղանիկի մոտ օրնիբուն կանգնելը նրան չէր բավարարել: Ու նա այլ «ոլորտում» էր իր «էներգիան» պարպել:
1992 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր Ռոբերտ Ս.-ն երեք մարդու էր սպանել: 1992 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի մայիսը նա թաքնվել էր Ռուսաստանում: Հետո հայտնաբերվել ու վերադարձվել էր այնտեղ, որտեղ պատասխանատվության պիտի ենթարկվեր կատարած ծանր հանցագործությունների համար:
1992 թվականի օգոստոսի 7-ին Ռոբերտը Մարտունուց Երևան եկավ՝ ատրճանակ ունենալով գրպանում: Նա ծրագրել էր մեքենա հափշտակել՝ վարորդին վերացնելով:
Շամպայն գինիների գործարանի մոտ մի սպիտակ «08» կանգնեցրեց: Վարորդը համաձայնեց Ռոբերտին Մարտունի հասցնել: Ճանապարհին Ռոբերտը չկարողացավ կրակոց արձակել վարորդի վրա՝ իրեն անպատրաստ զգաց որոշածն իրականացնելու համար: Բայց նաև սպանության մտադրությունից չհրաժարվեց, մտածեց՝ երրորդ անձի ներկայությամբ ավելի վստահ կարող է զենքը գործի դնել:
Մարտունի հասնելով՝ վարորդին հրաժեշտ չտվեց: Գտավ ծանոթներից մեկին՝ Ռոմիկին,, համոզեց, որ իր հետ Մարտունուց Երևան մեկնի: Ասաց, թե Երևանում էժան ապրանքի տեղ է արել, իրար հետ գնան, էժան ապրանք բերեն…
Ծանոթը համաձայնեց: Նույն մեքենայով Ռոբերտը ծանոթի հետ ուղևորվեց Երևան:
Դատարանում Ռոբերտն այսպես ներկայացրեց դեպքը. «Այրիվան գյուղի մոտ Ռոմիկն իջավ մեքենայից՝ ջուր խմելու: Ես կրակեցի վարորդին: Զենքս ինքնաշեն ատրճանակ էր: Մեկ անգամ կրակեցի: Հետևից կրակեցի՝ նստած էի վարորդի հետևի նստելատեղին:
Կրակոցից Ռոմիկը վախեցավ, չէր ուզում մեքենա նստել: Ես նրան զոռով մեքենա նստեցրի: Վարորդի մարմինը տեղափոխեցի հետևի նստելատեղին: Ես նստեցի ղեկին, մեքենան քշեցի լճափ: Ափին մոտ՝ անտառում, շինարարական փոս կար: Դիակն իջեցրի փոսը, հողով ծածկեցի: Մեքենայով վերադարձանք Մարտունի: Իմ նպատակը Հայաստանից դուրս գալն էր: Բայց մինչ դա՝ մի ծանոթ աղջկա հետ որոշեցի Վեդի գնալ՝ ընկերոջս այցի: Այդ մեքենայով գնացինք: Վեդիից Մարտունի գնալիս անվադողը ծակվեց: Մեքենան թողեցի ճանապարհին, վերադարձանք Վեդի: Հաջորդ օրը այլևս մեքենայով չհետաքրքրվելով՝ մեկնեցի Մարտունի: Ես վարորդին սպանեցի, որ մեքենան հափշտակեմ: Բայց չէի մտածել՝ մեքենան ոնց պիտի տնօրինեի…»:
Ռոմիկ Թ.-ին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել՝ հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, բայց քրեական գործը համաներումով կարճվեց:
Սպանությունից երեք ամիս անց՝ նոյեմբերի 22-ին, հայտնաբերվեց լճափի անտառում թաղված վարորդի դիակը: Այդ ընթացքում Ռոբերտ Ս.-ն ևս երկու դիակ էր թողել իր անցած ճանապարհին…
1992 թվականի հոկտեմբերի 21-ին Ռոբերտը նորից Երևանում էր՝ շամպայն գինիների գործարանի մոտ: Մի «06» կանգնեցրեց: Խնդրեց իրեն Մարտունի տանել: Վարորդը համաձայնեց, բայց Մարտունի չհասավ՝ Ներքին Գետաշեն գյուղի մոտերքում Ռոբերտը կանգնեցրեց մեքենան ու իր ձեռագրով՝ հետևից արձակված մեկ կրակոցով սպանեց վարորդին: Մարմինը տեղափոխեց հետևի նստելատեղին: Մեքենան քշեց լճափ: Դիակը թաղեց արագ-արագ… Այդ դիակի տեղը Ռոբերտն այդպես էլ չկարողացավ հիշել գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում…
Երբ դատարանում նյութական վնասի հատուցման վերաբերյալ հարց տվեցին երկրորդ վարորդի որդուն, նա տարակուսեց. «Ի՞նչ նյութական վնաս՝ հորս դիակը դեռ չեմ գտել…»: Տղան ասաց, որ մայրն էլ մահացել է վշտից…
Նախաքննության ընթացքում Ռոբերտը լճափին մի տեղ էր ցույց տվել՝ որպես դիակի թաղման վայր: Այնտեղ դիակ չէր հայտնաբերվել: Դատաքննության ժամանակ Ռոբերտը հայտարարեց, թե թաղման տեղը ճշգրիտ հիշել է: Թուղթ խնդրեց: Գծագիր գծեց: Բայց դարձյալ դիակը չհայտնաբերվեց, միայն տուժողի ընտանիքի հին վերքերը թարմացան…
Երկրորդ սպանությունից հետո ձեռք գցած մեքենայով Ռոբերտը փորձեց քողարկել իր մեկ այլ հանցավոր արարքը՝ խարդախությունը, որից տուժած Հ.-ն ահա թե ինչ պատմեց դատարանում. «Իմ մեքենան 1992 թվականին գողացել էին: Մի օր Ռոբերտը մոտեցավ ինձ ու ասաց. «Մի ուրախ լուր ունեմ քեզ համար, բայց ոչ ոքի չասես, թե չէ՝ վատ բան կլինի: Մեքենայիդ տեղը գիտեմ: Գումար պիտի տաս՝ 800 հազար ռուբլու չափ, մեքենադ բերեմ, քեզ տամ: Ես քեզ լավություն եմ անում…»: Մտածեցինք՝ մեքենան գողացողների միջնորդն է: Գումարի մի մասը տվեցինք: Մի օր էլ, երբ խոստացել էր իմ մեքենան բերել, մի «06» բերեց ու ասաց. «Ահավոր ռեյդեր են: Ընկերոջս մեքենան է, թող քեզ մոտ մնա, մինչև քոնը կբերեմ»: Փողի մնացած մասը վերցրեց, մեքենան ու անձնագիրը թողեց, գնաց: Երբ իր ասած ժամանակին չեկավ, դիմեցինք Մարտունու ՆԳ բաժին: Պարզվեց՝ «06»-ը որոնվում է… Իսկ իմ մեքենայի գողերին հայտնաբերեցին, նրանք դատվեցին 1993 թվականին: Նրանք Ռոբերտին չէին ճանաչում…»:
Երբ այս մարդուն դատարանում հարցրին, թե ինչո՞ւ է վստահել Ռոբերտին, նա ասաց. «Մենք ճանաչում էինք Ռոբերտի ընտանիքը: Ծնողները մեծ հարգանք վայելող մանկավարժներ էին, երկուսն էլ ինձ դաս են տվել, քույրն իմ դասընկերուհին էր… Մենք ճանաչում էինք Ռոբերտին՝ որպես մեծ համբավ ունեցող ծնողների ժառանգի…»:
Տուժողի այս խոսքերի ժամանակ Ռոբերտի հայրը դատարանի դահլիճից դուրս եկավ, իսկ քույրը սկսեց արտասվել…
Երբ Ռոբերտին հարց տվեցին՝ խարդախությամբ հափշտակած գումարը 800 հազար ռուբլի՞ էր եղել, Ռոբերտը հոգոց քաշեց. «Ի՞նչ տարբերություն՝ ինչքան է եղել…»: Նա մեղադրվում էր նաև երեք մարդու սպանության համար, խարդախությամբ հափշտակած գումարը, իրոք, առանձնապես նշանակություն չուներ…
Վերջին՝ երրորդ սպանությունը 1992 թվականի նոյեմբերի 12-ին կատարվեց: Այս անգամ Ռոբերտը մենակ չէր: Նա սպանության կատարող էր գտել՝ հանցագործության կատարման մեջ ներգրավել էր անչափահաս Արմեն Ղ.-ին: Մեքենան Ռոբերտը կանգնեցրեց Երևանում: Անցնող մեքենայի ղեկի մոտ ծանոթ դեմք տեսավ ու սուլեց: Մի անգամ այդ վարորդի հետ արդեն Մարտունի գնացել էր: Հիմա նույն մեքենան տեսնելով՝ որոշեց՝ սրա հերթն է…
Նախապես անչափահասին պարտադրել էր, որ նա է կրակելու՝ որպես «մարտական մկրտություն»: Ատրճանակը տվել էր անչափահասին: Ճանապարհին Ռոբերտը մեքենան կանգնեցրեց ու իջավ, հենց այդ ժամանակ անչափահաս Արմենը կրակեց վարորդի վրա: Երկու կրակոց արձակեց, որովհետև ձեռքերը դողում էին: Վիրավոր վարորդին մեքենայից դուրս գցեցին, Ռոբերտը նստեց ղեկին: Հասան Երևան: Գիշերեցին Նորքի զանգվածի ուսանողական հանրակացարանում, մեքենան կանգնեցրին հանրակացարանի բակում: Առավոտյան մեքենան չգտան՝ տարել էին… Եվս մի անիմաստ սպանություն… Մեքենայի վարորդը հիվանդանոց էր տեղափոխվել, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց: Այնուամենայնիվ, վիրավոր վարորդը հասցրեց պատմել կատարվածի մասին…
Հենց դեպքի հաջորդ օրը Ռոբերտը հեռացավ Հայաստանից…
Անչափահաս Արմենը դատվեց 1993 թվականին, իսկ Ռոբերտն այդ ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ… Նա հայտնաբերվեց Դոնի Ռոստովում՝ 1998 թվականին:
Մեղադրող դատախազը՝ այն ժամանակվա լեզվով՝ «պետական մեղադրողը» Ռոբերտ Ս.-ի կատարած հանցագործությունների մասին իր ճառում ասաց. «Սա ազգային ողբերգության մակարդակի գործերից է… Միայն շահադիտական դրդումները չեն, ինքնահաստատվելու, շրջապատում երևալու, իրեն դրսևորելու ձգտումները, կյանքի նախանձն են Ռոբերտ Ս.-ին այստեղ հասցրել…»:
Ամբաստանյալի շահերի պաշտպան փաստաբանը դատարանում ասաց, թե Ռոբերտին ճանաչում է մանկուց: «Ռոբերտը մեծացել է իմ աչքի առաջ: Լավ երեխա է եղել, լավ դաստիարակություն է ստացել: Ինչպես ծնողների, այնպես էլ նրանց ընտանիքը ճանաչողների համար մեծ հարված էր նրա արածների մասին իմանալը: Խնդրում եմ հաշվի առնել, որ որդու կատարածների մասին իմանալով՝ մայրը չի դիմացել, մահացել է 1993 թվականին…»:
Պաշտպանը այս խոսքերի վրա նույնիսկ… արտասվեց: Տուժողները դժգոհեցին:
Պաշտպանը շարունակեց. «Խնդրում եմ Ռոբերտին մահվան չդատապարտել: Պետության դեմ նա չի ոտնձգել, որևէ շահ չի ստացել: Հետախուզման տարիները յուրատեսակ պատիժ են եղել, միշտ թաքնվել է: Ո՛չ հասարակությունը, ո՛չ պետությունը որևէ շահ չեն ստանա նրան մահվան դատապարտելուց: Խնդրում եմ մեծահոգի լինել: Ինչ պատիժ էլ լինի, միայն՝ ո՛չ մահապատիժ…»:
Վերջին խոսքն ասելիս Ռոբերտը հոր կողմը չնայեց: Նա ասաց. «Ներողություն եմ խնդրում բոլորից, ում ցավ եմ պատճառել: Ինձ լիովին մեղավոր եմ ճանաչում: Ջահել եմ եղել՝ 20 տարեկան… Չեմ հասկացել… Ուզում եմ հարազատներիս տեսնել…»:
Խորհրդային շրջանի ժողդատարանը ապացուցված համարեց Ռոբերտ Ս.-ի մեղքը: Ռոբերտը դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի՝ անձնական գույքի բռնագրավմամբ…
Մահապատիժը որոշ ժամանակ անց փոխարինվելու էր ցմահ ազատազրկմամբ, մահապատիժն ի կատար չէր ածվում արդեն…
Նյութի աղբյուրն՝ այստեղ