Բանակից շուրջ երկու միլիոնի արժողությամբ խոզի մսի անհետանալն ընդամենը 150 հազար դրամ տուգանքի է արժանի
ԻՐԱՎՈՒՆՔarmlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊԲ զորամասերից մեկից 1 միլիոն 975 հազար դրամի խոզի մսի կորուստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊԲ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգեւ Կարապետյանը:
Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ 2015 թվականից Պարգեւ Կարապետյանին է հանձնարարվել ստուգել եւ հետեւել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել, ընդհակառակը՝ զորամաս ստացած ապրանքների հաշվառումը ձեւականորեն էր իրականացրել:
Ինչի՞ համար էր Կարապետյանը գնացել այդ քայլին, դժվար է ասել, սակայն այս գործով նախաքննությունը ավարտվել էր, եւ այն 2017 թվականի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, թե կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է դատարանում քննությունը իրականացվի արագացված ընթացակարգով:
Գործը նախագահող դատավոր Դ. Սարգսյանը որոշում է կայացրել ՊԲ N զորամասի պահեստապետ Պարգեւ Կարապետյանին ազատազրկման են դատապարտել տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով: Ստացվում է, որ հայոց բանակից շուրջ երկու միլիոնի արժողությամբ խոզի մսի անհետանալը ընդամենը 150 հազար դրամ տուգանքի արժանի հանցանք է: Այ, հենց այս վերաբերմունքն է պատճառը, որ բանակից արված գողությունը ոչ թե մտավախություն, պատժի անխուսափելիության զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ, այլ քմծիծաղ: Թալանիր 2 մլն, տուգանվիր 150 հազար դրամով. վատ բիզնես չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/678736/