Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌազմինֆոն գրում է.Հայտարարված 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն Ադրբեջանում մեկնարկել է ապրիլի 16-ին: Մեծաթիվ անձնակազմից բացի, այս զորավարժությանը ներգրավված են նաև 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանը կից լուսանկարներից երևում է, որ զորավարժությանը ներգրավված են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և 152 մմ «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ:
Ավելի վաղ, արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել է, որ այն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է.
«Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ կա երկու մոտեցում՝ մինչև 9 հազար զինծառայող և 40 հազարը չգերազանցող [ուժերով զորավարժությունների անցկացում]: Երկուսի դեպքում էլ համապատասխան իրազեկման ժամկետների կարգ գոյություն ունի: Մասնավորապես երկրորդի պարագայում իրենք մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պարտավոր էին իրազեկել: Եթե նույնիսկ զորավարժությունը պլանավորվել է ավելի ուշ, օրինակ՝ 2017 թվականին, Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին սահմանված ընթացակարգով նախօրոք տեղեկացնել այդ մասին: Բայց չի իրազեկել»:
Ադրբեջանական բանակը նման մասշտաբի զորավարժությունների անցկացման մասին հայտարարել է նաև նախկինում: Մասնավորապես 60 և 65 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին ադրբեջանակն կողմը հայտարարել է 2015 և 2016 թվականներին: Այդ ժամանակ նույնպես ադրբեջանական կողմը պատշաճ չի ծանուցել անցկացվելիք վարժանքների մասին: