Իսրայելին միջազգային մեկուսացում է սպասվում, եթե ներխուժի Ռաֆահ. Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի Իսրայելը միջազգային ասպարեզում և ավելի կհեռվացնի Իսրայելը մյուս երկրներից, որոնք երկար ժամանակ եղել են նրա գործընկերները»,- ասել է նա։
Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո ընդգծել էր, որ Իսրայելը պատրաստ է գործողություն իրականացնել Ռաֆահում Գազայի հատվածում նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։ Մինչ այս Նեթանյահուն համաձայնել էր Ռաֆահի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակողական ծրագրին։ Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել Իսրայելի գործողություններին Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի կարևոր օբյեկտները ոչնչացնելու համար, սակայն կոչ է անում խուսափել լայնածավալ գործողությունից։