Նախագիծ Diabolo. նոր սուպերկործանիչ Գերմանիայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDLR-ն Աերոդինամիկայի և հոսքային տեխնոլոգիաների գերմանական ինստիտուտը ղեկավարում է գիտական կոնսորցիումը, որի խնդիրն է մշակել նոր սերնդի կործանիչ, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին: Այդ նախագիծը, որը կոչվում է DLR-FFD (Future Fighter Demonstrator) Diabolo, նախատեսված չէ որպես վերջնական արդյունք: Ակնկալվում է, որ դրա հիման վրա կմշակվեն գործիքակազմեր, որոնք ապագայում կներդրվեն առաջադեմ սպառազինությունների մեջ, գրում է voennoedelo.com-ը։
Թերևս այդ նախագիծը կապված կլինի գերմանա-ֆրանս-իսպանական FCAS/SKAF ծրագրի հետ, որտեղ Ֆրանսիան առանցքային դեր ունի։ Այնուամենայնիվ, անորոշություն կա այն հարցում, թե արդյո՞ք Գերմանիան կշարունակի մասնակցել դրան, կամ արդյո՞ք կմիանա Անգլիայի, Ճապոնիայի և Իտալիայի հետ դրա մրցակցային նախագծին, թե՞ կփորձի ինքնուրույն սուպերկործանիչ ստեղծել:
Վիրտուալ նախագծված կործանիչը և դրա բնութագրերը արտացոլում են Գերմանիայի տեսլականը ապագա մարտական ինքնաթիռի ցանկալի բնութագրերի վերաբերյալ: DLR-FFD-ը բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը բավարարում է գերմանական ապագա ռազմական ինքնաթիռների արդյունաբերության կարիքներին: Տրամադրված տեխնիկական բնութագրերը ներառում են մոտավորապես 2000 կմ հեռահարություն, 1000-ից 1300 կմ աշխատանքային շառավիղ, 30-ից 36 տոննա գնահատված առավելագույն քաշ և մինչև 8 տոննա օգտակար բեռ կրելու հնարավորություն: Ինքնաթիռը նախագծված է ստելս բնութագրերը պահպանելով, և զինված կլինի մինչև 1820 կգ ընդհանուր քաշով «օդ-օդ» հրթիռներով:
DLR-FFD նախագիծը կենտրոնանում է տիպիկ ավիացիոն խնդիրների լուծման վրա, մի կողմ թողնելով այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ շարժիչը, էլեկտրոնիկան կամ ավիոնիկան, և անդրադառնում է դիզայնին, աերոդինամիկային, թռիչքի կայունությանը, կառավարման հայեցակարգերին, շարժիչ-օդային շրջանակի ինտեգրմանը և ռադարի, ակուստիկայի գնահատման խնդիրներին:
Diabolo կործանիչը, որն ունի դասական դասավորության երկու շարժիչ և կրկնակի բացված ուղղահայաց պոչ, ևս մեկ «պահպանողական» նախագիծ է, որը հիշեցնում է ամերիկյան F-22 կործանիչը: Այս հայեցակարգը ընդգծում է Գերմանիայի ցանկությունը, ստեղծելու օդային գերակայության ունակ մարտական ինքնաթիռ՝ բարձր արագությամբ և մանևրելու բնութագրերով, բայց միաժամանակ սահմանափակ զենք կրելու հնարավորությամբ՝ կապված սթելս տեխնոլոգիան պահպանելու հետ: Այս լուծումը հիշեցնում է ռուսական Սու-57 կործանիչը, որի զենքի պահոցները ևս քիչ են: Չնայած դրան, Diabolo-ն նաև ներառում է բեռնատարողությունը մեծացնելու հնարավորություն, ինչն այն համեմատելի է դարձնում այնպիսի ինքնաթիռների հետ, ինչպիսիք են F-35-ը կամ F-16-ը:
Կարելի է ասել, որ DLR-FFD Diabolo-ն արտացոլում է Գերմանիայի տեսլականը ռազմական ինքնաթիռների ապագայի վերաբերյալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը