Թուրքիայի ընդդիմադիրները կղեկավարեն 35 քաղաքում, իսկ Էրդողանի կուսակցությունը՝ 24. ԿԸՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։
«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», - ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին (մեջբերում է Anadolu-ն):
Էրդողանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը ընտրության միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, և անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթող է դարձել թուրքական ժողովրդավարությունը։ Նա նշել է, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Էրդողանի խոսքով՝ դրանք «ոչ թե վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։
Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա 4-5 տարիներին իր կուսակցությունը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրա։
Քվեաթերթիկների 93%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,7%: Ընտրությունների արդյունքներից հետո երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կպահպանեն իրենց պաշտոնները։