Իսրայելի բանակը 2 շաբաթ անց լքել է Գազայի «Ալ Շիֆա» հիվանդանոցը՝ իր հետևից թողնելով ավերակներ, դիեր (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակը երկու շաբաթ տևած գործողությունից հետո իր ուժերը դուրս է բերել Գազայի հատվածի «Ալ Շիֆա» գլխավոր հիվանդանոցային համալիրից՝ իր հետևում թողնելով ավերակներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դրանից հետո հարյուրավոր մարդիկ վերադարձել են հիվանդանոց, ինչպես նաև հարակից տարածքներ: Նրանք մի քանի դի են հայտնաբերել հիվանդանոցի ներսում և դրսում:
Զինվորականները ռեյդը նկարագրել են որպես վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև ամենաարյունալի հակամարտության ամենահաջող գործողություններից մեկը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի առնվազն 200 զինյալի, այդ թվում՝ բարձրաստիճան օպերատիվ աշխատողների, և որ հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ առգրավել է զենք, արժեքավոր հետախուզական տեղեկություններ, ինչպես նաև կանխիկ գումար:
Գազայի քաղաքացի Մուհամմեդ Մահդին, առաջիններից մեկը, որ վերադարձել է, նկարագրել է «տոտալ ավերման» տեսարանը: Նրա խոսքով՝ այրվել են մի քանի շենքեր։ Տարածքում նա գտել է վեց դի, այդ թվում՝ երկուսը հիվանդանոցի բակում։
Մեկ այլ բնակիչ՝ Յահիա Աբու Աուֆը, ասել է, որ դեռևս կան հիվանդներ, բուժաշխատողներ և տեղահանվածներ, որոնք ապաստանել են բժշկական համալիրի ներսում:
«Իրավիճակն աննկարագրելի է։ Օկուպացիան այստեղ ոչնչացրեց կյանքի ամբողջ զգացումը»,- ասել է նա:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական օդուժի ուժեղ հարվածներից և տանկային կրակից հետո «համալիրի ներսում և դրա շրջակայքում գտնվող շենքերի ավերածությունների մասշտաբները շատ մեծ են»:
«Տասնյակ դիեր, որոնցից մի քանիսը քայքայված, դուրս են բերվել «Ալ-Շիֆա» բժշկական համալիրից և շրջակայքից», - ասել է նախարարությունը՝ հավելելով, որ հիվանդանոցն այժմ «ամբողջովին շարքից դուրս է եկել»: