Հարավային Կովկասում խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքով՝ համաձայնեցված «3+3» խորհրդատվական հարթակում․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Արևմուտքը չի հրաժարվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքերը քայքայելու փորձերից»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո է պաշտոնական Երևանը դադարեցրել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերով, մասնավորապես, տրանսպորտային շրջափակումը փոխադարձաբար վերացնելու հարցով, կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումների հանգելուն։
Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։
Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքով՝ համաձայնեցված «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թեհրանում և որի մասնակիցներից է եղել նաև Հայաստանը։
Կոչ ենք անում արտաքին խաղացողներին՝ հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին՝ իրենց արտաքին քաղաքական գիծը տանելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։