Շիկահերը բիզնեսում կարծրատիպեր է կոտրում. «Go travel»-ի հիմնադիր Լիանա Սահակյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանն իր օրինակով կարծրատիպեր է կոտրում. շիկահեր գեղեցկուհին ունի սեփական բիզնես, իդեալական ընտանիք:
Wnews.am-ի բիզնես հարցազրույցների շարքում այս անգամ ներկայացնում ենք «Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանին։
-Լիանա, 2009 թվականից գործում է Go travel տուրիստական գործակալությունը։ Ինչու՞ եւ ինչպե՞ս հիմնեցիք այն։
-Ճանապարհորդությունն իմ թուլություններից եւ միեւնույն ժամանակ առավելություններից մեկն է։ Ճանապարհորդության ժամանակ հասկացա, որ ոչ միայն ուզում եմ, որ այն մնա իմ հոբբին, այլ նաեւ դառնա ապրելակերպը, ուստի ծնողներիս աջակցությամբ հիմնեցի «Go travel» տուրիստական գործակալությունը։
-Տուրիստական գործակալությունը հիմնելիս դժվարությունների հանդիպե՞լ եք. երիտասարդ աղջիկը՝ բիզնեսում, ինչպե՞ս էիք գլուխ հանում։
-Անկեղծ ասած, դժվարությունների չեմ հանդիպել։ Ինձ հարազատ մարդկանց աջակցությունն ու ոգեւորությունն այնքան շատ էր, որ ուղիս հեշտ ստացվեց։ Անգամ հետադարձ հայացք գցելով կարող ես կարծել, թե ամեն ինչ հատուկ նախագծված էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մինչեւ օրս ամեն ինչ այդպես է։
-Ձեր կյանքում ամեն ի՞նչն է հեշտ տրվում։
-Միանշանակ այո։ Դա գալիս է կյանքի հանդեպ իմ մոտեցումից։ Ես կյանքին շատ հեշտ, պոզիտիվ ու գունավոր եմ նայում, դրա համար էլ ինձ մոտ բոլոր բնագավառներում ամեն բան հեշտ ու արագ է ստացվում։
-Գեղեցիկ արտաքինով շիկահերին Հայաստանում բիզնես ոլորտում ինչպե՞ս են ընդունում։
-Ինձ հանդիպած մարդիկ ամեն ինչ ադեկվատ են ընդունել։ Վատ պատմությունների մեջ չեմ ընկնում, միշտ հաճելի բաներ են լինում։ Երբեմն լինում է՝ հաճախորդները գալիս, հարցնում են՝ ո՞վ է տնօրենը, երբ ես ընդունում եմ իրենց՝ զարմանում են՝ ասելով, թե իրենց իսկական տնօրենն է պետք (ծիծաղում է)։ Բնավորությամբ այնպիսին եմ, որ յուրաքանչյուրի հետ կարող եմ իրեն համապատասխան լինել՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, գիտեմ՝ ինձ որտեղ ինչպես դրսեւորել։ Բիզնես միջավայրում ավելի լուրջ եմ, ուստի անձիս հանդեպ ընկալումներն էլ համապատասխանաբար լուրջ են։ Իսկ կյանքում ինձ կաղապարների եւ ձեւականությունների մեջ չեմ դնում. պետք է բազմաժանր լինես, որպեսզի եւ’ մարդկանց հետաքրքրես, եւ’ կյանքդ հետաքրքիր անցնի։
-Դուք ամուսնացած եք, ունեք դուստր, ով 6 տարեկան է։ Բիզնեսն ընտանիքին չի՞ խանգարում, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը։
-Եթե մեկը մյուսին խանգարում է, ուրեմն ինչ-որ մի բան սխալ ես անում կամ ընտանիքում կամ աշխատանքում։ Եթե ամեն բան կազմակերպված ու ճիշտ անես, ոչ մեկ չի տուժի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։
–Որո՞նք են բիզնես վարելու Ձեր կանոնները։
-Բիզնես վարելու հատուկ մշակված կանոններ չունեմ։ Ունեմ իմ կյանքի կանոնները, որոնք հետեւյալն են. ամեն ինչ անել սրտով, որովհետեւ այդ դեպքում անհնար է ինչ-որ բան վատ ստացվի, լինել բարյացկամ, ժպիտով եւ արդար։
-Աշխատողների հանդեպ հատուկ մոտեցում ունե՞ք։
-Աշխատակիցներին չպետք է ընկալել որպես զուտ աշխատակիցներ։ Եթե ղեկավարն իր աշխատակիցներին վերաբերվում է որպես աշխատակից, նրանք էլ արդեն վերջինիս ընդունում են որպես տնօրեն, ինչն էլ խանգարում է գրասենյակում ջերմ մթնոլորտին։ Աշխատակիցներին պետք է ջերմ վերաբերվել, մոտիվացնել, պարգեւատրել։ Դա էլ այնքան ճիշտ դասավորված պետք է լինի, որ աշխատունակությունն աճի, հետեւաբար՝ հաճախորդները գոհ կլինեն, բիզնեսն էլ՝ հաջողության կհասնի։
-Հայաստանում տուրիստական գործակալությունների պակաս չի զգացվում։ Միեւնույն ժամանակ, «Go travel»-ը շուկայում առաջատարներից է, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը։
-Այո, ճիշտ նկատեցիք, Հայաստանում բավականին շատ են տուրիստական գործակալությունները։ Բացի այն, որ մեր գները շատ մրցունակ են, մենք յուրաքանչյուր հաճախորդին լավ ենք սպասարկում, որովհետեւ որքան էլ գինը մատչելի լինի, եթե ծառայությունը վատն է, մատչելի գինը ոչ ոքի պետք չէ։ Ով այցելում է մեր տուրիստական գործակալություն, արժանանում է ջերմ վերաբերմունքի, որովհետեւ աշխատակիցներս նախ ջերմ զրույցի միջոցով փորձում են հասկանալ՝ տվյալ անձն ինչպիսի հանգիստ է նախընտրում, ինչ նախասիրություններ ունի եւ նոր միայն առաջարկում տարբերակներ։
-Հայերն ինչպե՞ս են ընտրում՝ որտեղ մեկնել հանգստանալու, հնարավո՞ր է հատուկ մշակութային միջոցառման համար մեկնեն արտերկիր։
-Երբեմն, բայց հազվադեպ է լինում, որ մեզ դիմեն՝ ասելով, թե այսինչ երկրում որեւէ հայտնի անձի համերգ է, ուզում են մեկնել։ Հիմնականում մեկնում են այն երկիր, որտեղ եղել է իրենց հարեւանը, բարեկամը կամ ծանոթը եւ խորհուրդ տվել՝ իրենց էլ մեկնել այնտեղ։
-Իսկ որո՞նք են հայերի նախընտրած ուղղությունները։
-Բնականաբար Եգիպտոսը, Դուբայը, իսկ ամռանը շատ ակտուալ է Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը։
–Ի՞նչ նոր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին «Go travel» տուրիստական ընկերությունը։
-Մենք առաջարկում ենք նաեւ հանգստի ապառիկ տարբերակ. հաճախորդը կարող է մեզ դիմել, ճանապարհորդել, իսկ գումարը վճարել տարվա ընթացքում։
–Դուք ինքներդ շատ եք ճանապարհորդում։ Ո՞րն է հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը։
-Ես նախընտրում եմ միքս հանգիստ տարբերակը. ծովափ, շոփինք, ժամանց, մշակութային վայրեր։ Ինձ համար դա է իդեալական հանգիստը, որովհետեւ եթե կա միայն ծով, ձանձրալի է, եթե մշակութային վայրեր կան, բայց չկա արեւ, ծով, դա էլ այն չէ։ Այս առումով ամենանախընտրելի վայրը Բարսելոնան է, որտեղ ամենը մեկտեղված է եւ կարող ես վայելել։
-Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր առօրյան, ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Սիրածս զբաղմունքներից մեկը սպորտն է. սիրում եմ առողջ ապրելակերպ վարել։ Օրվա ամենասիրելի մասերից մեկը փոքրիկիս հետ անցկացրած ժամանակն է։ Ընդհանրապես՝ փորձում եմ ամեն ինչ հասցնել. հանդիպել ընկերներիս, այցելել ժամանցային վայրեր։
-Դուք ունեք լիարժեք ընտանիք, կայացած բիզնես։ Ինչի՞ եք ձգտում։
-Նպատակներիցս մեկը ազգային ավիափոխադրող ընկերություն՝ «Go airlines» հիմնելն է։
-Հայաստանի ներգնա տուրիզմն ինչպե՞ս եք գնահատում։
-Ըստ իս, պետական մակարդակով այս առումով աշխատելու շատ տեղեր ունենք։ Տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին ուղեկցում են պատմամշակութային վայրեր, սակայն դա ոչ բոլորին կարող է հետաքրքրել։ Պետք է ստեղծվեն այլ հետաքրքիր վայրեր եւս։ Նույն հարեւան Վրաստանում, զբոսաշրջիկների առումով 15 անգամ ավել տուրիստական շարժ կա, քան մեզ մոտ է, ուստի այս առումով աշխատելու տեղ ունենք։
-Դուք Ձեր օրինակով շատ երիտասարդ կանանց եւ աղջիկների կարող եք մոտիվացնել իրենց գործը սկսելու համար։ Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց, ինչի՞ց սկսեն։
-Ամենակարեւորը՝ սիրեն իրենց աշխատանքը, միայն այդ դեպքում հաջողության կհասնեն։ Պետք է սիրեն, հավատան, որ հաջողության են հասնելու, նոր գործ հիմնելիս պատկերացնեն, որ այն ամենալավն է, արդեն հասել է հաջողության գագաթնակետին, ապրեն այդպես, այդ դեպքում անհնար է, որ իրենց մոտ չստացվի։
-Ինչպե՞ս եք հաղթահարում խնդիրները։
-Ընդհանրապես չեմ սիրում խնդիր բառը, դա հարց է, որը պետք է կարգավորել եւ հասնել մյուսին, դրա համար էլ շատ հեշտ եմ կարողանում լուծել յուրաքանչյուր հարց։
-Ի՞նչն է Ձեզ դրական էներգիա հաղորդում, ինչպե՞ս եք լիցքավորվում։
-Էներգիան ստանում եմ ինքս ինձնից եւ իմ շրջապատից։ Երբ առավոտյան զարթնում եմ՝ ինքս ինձ ասում եմ, որ շատ լավ օր եմ ունենալու, հենց այդ գիտակցով էլ այդպես է ստացվում։ Գիշերը քնելիս փորձում եմ վերհիշել այդ օրն արած երեք կարեւոր լավ բաները, գտնում եմ դրանք ու ժպտում։
-Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում հայ կանանց, ի՞նչ կմաղթեք բոլորին։
-Ըստ իս, նրանք պետք է ավելի անհոգ լինեն, կանացի, ժպիտով, վայելեն կյանքը, մեկը մյուսին լավը մաղթեն, սիրեն իրար, ուրախ լինեն, կենցաղայինի վրա այդքան չկենտրոնանան եւ փորձեն վայելել կյանքը։
Շնորհակալություն LOFT-ին՝ նկարահանմանն աջակցելու համար։