Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 1/3-րդով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը Արեւմուտքի կողմից ՌԴ հանդեպ կիրառված սանկցիաներով պայմանավորված առաջացած վճարումային խնդիրներով՝ այս տարվա առաջին եռամսյակին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 32,1 տոկոսով։ Այս մասին հայտնում է թուրքական Ekonomim պարբերականը։
Ըստ հաղորդման, այս տարվա հունվար-մարտ ամիսներին 25 արդյունաբերական ճյուղերից միայն չորսի պարագայում է արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել։ Քիմիական արդյունաբերության ոլորտում դեպի Ռուսաստան արտահանումների կրճատման պատճառով առաջացած կորուստները հասել են 32,4 տոկոսի։ Հատկապես անկումը նկատելի է հետեւյալ ոլորտներում՝ ծխախոտային արդյունաբերություն, կաշվեղեն եւ ոսկերչական իրեր։
Միայն մարտ ամսին Թուրքիայից Ռուսաստան արտահանումները նվազել են 28 տոկոսով, հասնելով 758 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին եռամսյակի համար ընդհանուր արտահանման արժեքը կազմել է 2,1 միլիարդ դոլար։ 23 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիայից ՌԴ արտահանումները կազմել են 3,1 միլիարդ դոլար։