Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարկառուն քպականներից մեկը նախօրեին արտաբերել է այսպիսի մի... համարենք՝ միտք. «Պատերազմի ժամանակ մինչև հասանք Ստեփանակերտ, մեքենայից «խ» տառը մնաց»: «Ֆեյսբուքահայությունը» միանգամայն համերաշխ, անգամ՝ միահամուռ սկսեց ծաղրել, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ «ղժժալ» արտահայտության հեղինակի վրա: Արձագանքների մեջ ամենից անմեղ-մեջբերելի հարցն էր, թե՝ որտեղի՞ց է մեքենայի մեջ «խ» տառ գտել: Չէ, իհարկե ամեն ինչ սպասելի է փետրվարի մեջ 31, անգամ՝ 32 օր «գտնողներից», ի վերջո՝ «ավտոմեքենա» բառի մեջ մի «խ»-ն ի՞նչ է, որ չմոգոնեն: Այնուամենայնիվ, եթե սոսկ ծաղրի շրջանակներից դուրս գանք, իրականում այս «խ» տառի առեղծվածն ինքնին հետաքրքիր է և ուշադրության արժանի:
Նախ՝ արձանագրենք, որ խոսքը մի իշխանության ներկայացուցչի մասին է, որը ոչ թե մեքենայից այլ հենց Արցախից «խ» տառը թողեց, ապա և ընդամենը 2 տարի անց դա էլ ջնջեց: Երկրորդ՝ այդ կարկառուն քպականները, ոչ միայն արտահայտության հեղինակը, պատերազմի ժամանակ գնում էին Արցախ, որ ի՞նչ անեին: Նրանք, ի՞նչ է, զորապետնե՞ր էին, ռազմարվեստի գիտակնե՞ր, պատերազմ կառավարելու մասնագետնե՞ր, «ռեմբո» ու «տերմինատոր»՝ մեկ մարմնի մե՞ջ: Թե՞ գնում էին, որ նորից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին լուսանկարվեն ու, իբր հեգնելով, գրեն. «Բերել ենք սենատորներին Ղազանչեցոցը ցույց տանք... հանձնելուց առաջ»:
Ու հենց այդպե՛ս էլ արեցին: Հանձնեցին Շուշին էլ, Ղազանչեցոցն էլ, առհասարակ Արցախն էլ: Այնինչ, մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը անկախ էլ էր, ինքնիշխան էլ էր, պաշտպանված էլ էր, ամբողջական էլ էր (գրեթե): Եկան իշխանության ու Արցախից արդեն ոչ մի տառ չթողեցին: Հազարամյակների պատմության մեջ եղան առաջինը, որ հայաթափեցին Արցախը... Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշԽանությունից է իսկապես էլ միայն «խ» տառը մնացել: Մնում է միայն այդ մի տառը ջնջել... Որ մեր երկրի տարածքների անուններից մեկ տառ անգամ չջնջվի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում