Արսենը փախցրել է նախկին ընկերուհուն, բայց պարզվել է, որ նա հղի է և ամուսնացած է այլ տղամարդու հետ
ԻՐԱՎՈՒՆՔԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ընթանում է Արսեն Ա.-ի գործի դատական քննությունը:
29-ամյա Արսենը մեղադրվում է աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Արսենը իր նախկին ընկերուհի Մարիին (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ 2015 թվականի հունիսի 25-ին, ժամը 21-ի սահմաններում պատահական տաքսիով գնացել է Շիրվանզադեի փողոցի շենքերից մեկի մոտ:
Նա դարանակալել, ապա, աղջկան տեսնելով, հետևից աննկատ մոտեցել է նրան, մի ձեռքով փակել է նրա բերանը, մյուս ձեռքով գրկել է նրա մեջքը ու ստիպողաբար նստեցրել է մեքենա:
Աղջկա կամքին հակառակ Արսենը նրան Երևանից տեղափոխել է Կոտայքի մարզում գտնվող «Օրրան» ռեստորանային համալիր:
Սակայն հարսանիք այդպես էլ տեղի չի ունեցել: Արսենի հանցավոր արարքի արդյունքում ընտանիք չի կազմվել: Աղջիկը կտրականապես հրաժարվել է իր կյանքը Արսենի հետ կապելու առաջարկից ու պարտադրանքից:
Աղջիկը վերադարձվել է տուն, իսկ Արսենին մեղադրանք է առաջադրվել առջկան առևանգելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հաշտվել է տուժող աղջկա հետ: Վերջինս դատարանում հաստատել է, որ հաշտվել է Արսենի հետ, ներել է նրան, որևէ նյութական պահանջ չունի:
Պետք է ասել, որ տուժողն արդեն ամուսնացած կին է, բայց նա ամուսնացել է ոչ թե Արսենի, այլ իր սիրած տղամարդու հետ, նույնիսկ արդեն բալիկի է սպասում ու երջանիկ է…
Ինչ վերաբերում է Արսենին, ապա նա, ամբաստանյալի աթոռին հայտնվելով, իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է, որ գործն արագացված ընթացակարգով քննվի:
Եվ գործը քննվում է արագացված ընթացակարգով:
Մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:
Նա նշեց, որ Արսեն Ա.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել:
Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ արձանագրվեց այն, որ Արսենը նախկինում դատապարտված չի եղել:
Ըստ դատախազի՝ այն, որ Արսենը աղջկան առևանգել է ամուսնության նպատակով, էականորեն նվազեցնում է նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Մեղադրողը միջնորդեց՝ Արսեն Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել 3 տարի փորձաշրջան:
Արսենի շահերի պաշտպան Գ. Սահակյանը թվարկեց իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Արսենն ապրում է իր տարեց ծնողների հետ: Ընտանիքի միակ կերակրողն է:
2009 թվականին զինվորական պարտադիր ծառայության ժամանակ զոհվել է Արսենի եղբայրը: Ըստ պաշտպանի՝ ցանկանալով ընտանիք կազմել՝ Արսենը փորձել է ինչ-որ կերպ մեղմել ծնողների վիշտը, միայն թե երիտասարդը միակողմանի է սիրել, չի կարողացել ստանալ սիրած աղջկա համաձայնությունը… Արսենը փորձել է առևանգել իր նախկին ընկերուհուն՝ տուժողը նախկինում ընկերություն է արել Արսենի հետ, հետո մերժել է…
Արսենին դրական էին բնութագրել հարևաններն ու աշխատանքային ղեկավարությունը:
Պաշտպանը միջնորդեց Արսեն Ա.-ին դատապարտել հնարավորինս մեղմ պատժի, պատիժն էլ պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան:
Տուժողը և նրա ներկայացուցիչը հավաստեցին, որ Արսենից բողոք, պահանջ չունեն, չեն առարկում, եթե նա մեղմ պատիժ ստանա:
Ինքը՝ Արսենն ասաց, թե զղջում է կատարածի համար, ընդգծեց, որ այդ արարքը կատարել է միմիայն տուժողի հետ ընտանիք կազմելու ցանկությամբ ու նպատակով…