Հայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի 22-ից 27-ը Խորվաթիայում առաջին անգամ անցկացվել են Հայկական մշակույթի օրեր՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս բացառիկ ձեռնարկների կազմակերպիչն է եղել հայ-խորվաթական համայնքը (Armenian-Croatian Community)։
Orer.eu-ն գրում է, որ Խորվաթիայում հայկական մշակույթի առաջին օրերի կարևորագույն իրադարձությունն էր, անկասկած, Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ մատուցված պատարագը` ըստ Հայ Առաքելական եկեղեցու հնագույն ծեսի։ Պատարագիչն է եղել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բալկանյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, որը պատասխանատու է նաև Խորվաթիայի համար (նստավայրը՝ Բուխարեստ)։ Պատարագը մատուցվել է Զագրեբի Սուրբ Բլաժ/Վլաս եկեղեցում: Այս բացառիկ եկեղեցական արարողությունը հնարավոր դարձավ Զագրեբի արքեպիսկոպոսության ընդառաջման շնորհիվ՝ ծխական քահանա Հայր Բորնա Պուշկարիչի ջերմ ընդունելությամբ և հյուրընկալությամբ։