Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
tass.ru-ն ««Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանին» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այն սկսվում է Հայաստանի Տավուշի մարզից, և երկրները մտադիր են վերագծել սահմանի 10 կիլոմետրանոց վիճելի հատվածը։ Հայաստանի իշխանությունները փորձում են դա հանրությանը ներկայացնել որպես հաղթանակ խաղաղության համար պայքարում, քանի որ երկու կողմից ճանաչված պետական սահմանի դեպքում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է։ Ավելին, նրանք խորհրդային տարիներին Բաքվի վերահսկողության տակ գտնվող չորս գյուղի հանձնումը Ադրբեջանին ներկայացնում են որպես ձեռքբերում։
Երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ջերմորեն են ընդունվել Արևմուտքի կողմից՝ սկսած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից մինչև Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը և նույնիսկ Էստոնիայի ԱԳՆ-ն։ Նրանք բոլորը շնորհավորանքներ են հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության բանակցությունները վերսկսելու որոշման կապակցությամբ։ Իրականում Տավուշում շփման գիծը, որը ձևավորվել էր վերջին 30 տարվա ընթացքում, կխախտվի, բայց դեռ վաղ է խոսել լիարժեք խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ քանզի խնդիրը լիովին լուծված չէ, և դեռևս վիճելի հարցեր կան Երևանի ու Բաքվի միջև, այդ գործընթացը չի դառնա սահմանազատում և չի լինի իրական սահման, այլ հնարավորություն կստեղծվի գյուղերին հարվածել ամենաշահավետ դիրքերից հաջորդ ռազմական հակամարտության ժամանակ:
Բացի այդ, լիարժեք և համապարփակ խաղաղության համաձայնագրի բացակայության դեպքում Ադրբեջանի զինված ուժերը կարող են հնարավորություն ունենալ տեղակայվել Վրաստան-Հայաստան գազատարին մոտ և հսկողության տակ վերցնել համանուն միջպետական ճանապարհը։ Նույն տեսակետին են նաև Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և չճանաչված ԼՂՀ-ից հայերի լիակատար դուրսբերումից հետո ընդդիմությունը պնդում է, որ այն, ինչ կատարվում է սահմանին, Բաքվի կողմից հերթական բռնի գործընթացն է։ Նրանց կարծիքով, Փաշինյանի կառավարությունն ամբողջությամբ փչացրել է հայ-ռուսական անվտանգության հարաբերությունները, բայց, միևնույն ժամանակ, երկիրը տանում է ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա և Ադրբեջան, քանի որ ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը չեն պատրաստվում երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրատարակության հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետն ուղղակի տարածքներ է տալիս Ադրբեջանին, բայց փոխարենը ոչինչ չի ստանում։
«Մենք ցանկանում եք հաշտություն, խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը շատ կարևոր է, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ մենք հիմա շատ խոցելի վիճակում ենք, սակայն, եթե հրաժարվեք ձեր ամենաուժեղ հենակետերից, ամրություններից, ռազմավարական բարձունքներից, ապա արդյո՞ք կարելի է ասել, որ դա երաշխավորում է խաղաղություն: Իշխանությունն էլ է հասկանում, որ մենք խաղաղություն չենք ստանա, պարզապես առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի իշխանությունները կստանան բարեկամական վերաբերմունք, իսկ առավելագույնը, որ մենք կստանանք, այն է, որ Բաքուն մեզ վրա կհարձակվի ոչ թե մայիսին, այլ մի քիչ ավելի ուշ»,- ասել է նա: Զուրաբյանի խոսքով, իրականում Ադրբեջանը ռազմական գործողություններ չէր էլ սկսի չորս գյուղի համար: «Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը պատճառը չի տարբերում պատրվակից, այդ չորս գյուղը պարզապես պատրվակ է, Ադրբեջանի իրական նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, ինչին նա պատրաստվում է հասնել ցանկացած գնով, ուստի, հարցը փակված չէ»,- հավելել է Զուրաբյանը և նշել, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից պահանջի սահմանազատում իրականացնել սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ նաև այն վայրերում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 2021-2022 թվականներին:
2018 թվականին իշխանության գալուց հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր ձախողումների համար Նիկոլ Փաշինյանը միշտ մեղավոր է գտնում: Այդպես է եղել բոլոր դեպքերում։ Նա 2020 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մեղքը բարդեց նախկին իշխանությունների վրա, որոնք, նրա խոսքերով, «կերել են, թալանել» և իրական մարտունակ բանակ չեն ստեղծել։ Վարչապետը ռազմական գործողությունների ելքի համար մեղադրել է զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը, քանի որ ինքն ամենևին էլ զորավար չէր, այլ «միայն մոդերատոր»։ Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերման համար Փաշինյանը մեղադրել է չճանաչված հանրապետության ղեկավարությանը և հայկական ընդդիմությանը, որը դեմ էր Բաքվի հետ ինտեգրման բանակցություններին։ Դիվանագիտական ճակատում տեղի ունեցած ձախողումների մեղավորը, ըստ վարչապետի, նույն հին իշխանությունները և «հայ ժողովրդի էմոցիաներն» են, քանի որ Լեռնային Ղարաբաղն ընկալել են որպես հայրենիք և ի սկզբանե մասնակցել պայքարին։
Հիմա Փաշինյանը նոր մեղավոր է գտել՝ Ռուսաստանը, որին ինքն ու իր մերձավոր գործընկերները մեղադրում են սահմանազատման գործընթացը ամեն կերպ խարխլելու մեջ, իսկ Տավուշում բողոքի ակցիա անող քաղաքացիներին ներկայացնում են որպես «ԿԳԲ-ի գործակալներ», «Կրեմլի ստրուկներ» և «հինգերորդ շարասյուն»։ Ըստ Լևոն Զուրաբյանի, իշխանությունն իր հակառուսական քաղաքականությունը բացատրում է նրանով, որ «եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից», ապա արևմտյան զորքերը կմտնեն երկիր և իբր կապահովեն երկրի անվտանգությունը։ «Բայց Արևմուտքը երբեք նման ծրագիր չի ունեցել, դրանք Օստապ Բենդերի խոսքերն են. «Արևմուտքը մեզ կօգնի»: Արևմուտքն անկեղծ է, ասում է, որ չի կարող տալ անվտանգության երաշխիքներ, այդ մեր խարդախներն են, որ ստում են ժողովրդին: Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու նման ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դեմ են դրան: Փաշինյանը պարզապես արդարացնում է սեփական անհաջողությունները»,- եզրափակել է քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում