Բադասյանը կոչ է անում նոր տարածքներ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի կրակակետերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍահմանին տիրող իրավիճակի մասին Araratnews.am-ը
զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:
Պարո՛ն Բադասյան, մեկ օրվա ընթացքում երկու զոհ ունեցանք, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ իրավիճակ է սահմանին:
Որեւէ արտառոց լարվածություն չկա, պարզապես դիպուկահարներ են աշխատում: Ինչ վերաբերում է զոհերին, ապա սա ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է Ղարաբաղը հայաթափել: Այս ամենից մենք, մեր քաղաքական գործիչները պետք է հետեւություններ անենք՝ չպետք է որեւէ զիջում լինի, Ադրբեջանին պետք է ծնկի բերենք:
Այսինքն՝ դուք պատերազմի մասի՞ն եք խոսում:
Ես պատերազմ հրահրելու կոչեր չեմ անում, այլ կոչ եմ անում, որ խաղաղություն հաստատվի, եւ մեր զավակների արյունը չթափվի:
Ի՞նչ տարբերակով:
Պետք է խաղաղություն հաստատվի: 1994 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խայտառակ ձեւով ստորագրեց հրադադարի պայմանները, հետագայում երկրորդ նախագահի ժամանակ եւս դա շարունակվեց, հիմա էլ երրորդ նախագահի կողմից է նույնը շարունակվում: Միակողմանի զիջումներ եւ պարտվողական քաղաքականություն` ահա սա է բերում նրան, որ Ադրբեջանը փորձում է ազդել ժողովրդի հոգեբանական հավասարակշռության վրա, որպեսզի մարդիկ ասեն՝ զիջենք, միայն թե կռիվ չլինի:
Մեր երկրում կան մարդիկ, որոնք հայտարարում են՝ եկեք Արցախը հանձնենք: Վերջերս էլ ՀԱԿ-ն էր խոսում այդ մասին՝ հանձնել տարածքներ հանուն խաղաղության: Դրանց քիչ մասը դավաճանների խումբ է, իսկ մեծ մասն էլ՝ մոլորված:
Այս իրավիճակից միակ ելքն այն է, որ եթե իրենք օգտագործում են 23 միլիմետրանոց զինատեսակ, մենք օգտագործենք՝ 100 միլիմետրանոց: Ո՞վ է մեզ խանգարում դիպուկահարով խփել, եթե մեր զինվորին են սպանում:
Այնուամենայնիվ, ձեր նշած տարբերակը չի՞ վերածվի լայնամասշտաբ պատերազմի:
Ադրբեջանը որ մեզ խփում է, չի՞ վախենում, որ պատերազմ կսկսվի: Իհարկե, վախենում է, բայց գիտի, որ մենք դրանից էլ վախենալու ենք: Հիմա եկեք փորձենք եւ այն կետը, որտեղից իրենք մեզ զինվորին խփել են, ոչնչացնենք, այդ ժամանակ կտեսնենք՝ հակառակորդը երկար ժամանակ կլռի: Եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է սովորենք այն ձեռք բերելու ձեւը: Եթե մենք մեկին տասը անենք, ապա պատերազմ չի սկսվի, ո՛չ, պատերազմը կկանխվի: Դա կարելի է անել ոչ թե մի դիրք, այլ դիրքեր ոչնչացնելու հաշվին: Մենք պարտավոր ենք հանուն մեր զինվորների կյանքի նոր տարածքներ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի կրակակետերը: Դրա համար իշխանություններին կամք է պետք, ինչն այսօր չունեն, որովհետեւ իրենց եւ իրենց մերձավորների զավակներն առաջնագծում չեն:
Շողիկ Գալստյան