Բեյրութում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է կազմակերպվել
ՄՇԱԿՈՒՅԹԼիբանանում ՀՀ դեսպանության կողմից Բեյրութի ամերիկյան համալսարանի երաժշտասրահում ապրիլի 28-ին կազմակերպվել էր «Մեկ դարաշրջանի հայկական ժառանգություն» վերտառությամբ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102֊րդ տարելիցին։ Համերգին հանդես եկան դաշնակահար Արմեն Քեչեկը և լիբանանցի սոպրանո Քարոլին Սոլաժը: Այս մասին Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, պետական, մշակութային, կրթական հաստատությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր բացման խոսքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա հանգրվանին, ցեղասպանության հանցագործության պատժելիության և կանխարգելման ու այդ ուղղությամբ տարվող Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերի շարունակականության խնդիրներին։
Դեսպան Մկրտչյանը նաև խոսեց միջմշակութային փոխանակումների և համագործակցության առանձնահատուկ կարևորությանն մասին՝ այս համատեքստում օրինակելի համարելով հայ և լիբանանցի ժողովուրդների հարուստ ժառանգությունը։
Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Գեորգի Սարաջյանի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի, Պողոս Ջելալյանի ստեղծագործությունները։