Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ»։ 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ըստ նրա՝ այն, որ այս պահին դոլարը մի փոքր արժևորվել է` պայմանավորված է հենց երկրում առկա քաղաքական իրավիճակով։
«Արտարժույթի շուկայի պարագայում այդ ազդեցությունը շատ արագ կարող է տեղի ունենալ, քանի որ մի քանի միլիոն ավել մուտքը շուկա կարող է բավականին մեծ ցնցումներ, փոփոխություններ առաջացնել։ Նման իրավիճակ եղավ, օրինակ` 2022թ.-ի ապրիլին, երբ մի քանի միլիոն ավել գումար մտավ շուկա և մենք ունեցանք արտարժույթի կտրուկ անկում։ Նման իրավիճակ նաև ունենք հիմա։ Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ։ Նրանք դադարեցրել են իրենց ներդրումները, նույնիսկ գնումները՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է ավարտվել քաղաքական այս գործընթացը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ իրենց դոլարները չեն ծախսում, պահում են։ Որոշներն էլ իրենց դրամը փոխարինում են դոլարով, որ հարկ եղած դեպքում կարողանան իրենց դոլարը վերցնեն և դուրս գան Հայաստանից։
«Ցանկացած ներդրող իր համար «պլան Բ» տարբերակ է մշակում, որ հարկ եղած դեպքում այլ արտարժույթով իր կապիտալը դուրս հանի։ Այս պայմաններում է նկատվում արտարժույթի փոփոխություն։ Հիմա մեզ մոտ նման իրավիճակ է»,- ասաց տնտեսագետը։
Պարսյանը միաժամանակ նկատում է, որ ՀՀ արտարժույթի շուկայի վրա բազմաթիվ գործոններ են ազդում՝ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրսից եկող գումարների հոսքը։ Օրինակ՝ վերջին ամիսներին ոսկով պայմանավորված, մեծ գումարներ են գալիս Հայաստան և այլն։ Այս պահին ավելացել է նաև քաղաքական գործոնը, որը բացասական ազդեցություն է թողել շուկայի վրա։