Երկվորյակները սպանել են իրենց մորը՝ ԻՊ-ին անդամագրվելու արգելքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում 20-ամյա երկվորյակ եղբայրները դանակահարելով սպանել են հարազատ մորը, երբ վերջինս արգելել է նրանց միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին, հաղորդում է Gulf News-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Խալիդ եւ Սալեհ եղբայրներն իրենց մորը մտցրել են խորդանոց, որտեղ դանակով մի քանի անգամ հարվածելով սպանել են: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել իրենց 73-ամյա հորը եւ ավագ եղբորը: Տղամարդիկ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործությունից հետո երկվորյակները փախուստի են դիմել: Ոստիկանությունը ձերբակալել է եղբայրներին՝ Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա:
Նրանց մայրը կասկածել է, որ Խալիդն ու Սալեհը ցանկանում են լքել թագավորության սահմանները եւ միանալ ԻՊ-ին: Նա որդիներին ասել է, որ իրենց պլանների մասին կհայտնի իշխանություններին, եթե նրանք հետ չկանգնեն իրենց մտադրությունից:
Հունիսի 25-ին Էր Ռիադում տեղի է ունեցել 67-ամյա կնոջ հուղարկավորությունը, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: