Նրա հիմնարար նպատակը իշխանությունն է, որի համար կպայքարի մինչև վերջ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Tass.ru-ն «Փորձագետ. Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Հայաստանում իշխանափոխության չեն հանգեցնի» վերնագրով հոդվածում գրում է, որ մայիսի 9-ից Երևանում բողոքի զանգվածային ցույցեր սկսած Հայաստանի ընդդիմությանը չի հաջողվի հասնել ներկայիս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ բողոքն այնքան էլ համակարգային չէ, հիմնականում դեկլարատիվ է, Փաշինյանն ինքն էլ հիանալի հասկանում է, թե ինչպես վարվել դրա հետ, ինչպես դիմել իր ընտրազանգվածի միջուկին, մինչ հիմա դա իր համար խնդիր է, բայց ոչ էկզիստենցիալ, քանի որ այդ ամենը չի թվում սպառնալիք իր իշխանության համար»,- ասել է փորձագետը։
Ըստ վերլուծաբանի, Փաշինյանը մարդ է, որը սովոր է մինչև վերջ պայքարել իշխանության համար: «Եթե հիշենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն (Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին), երբ նույնիսկ նստավայրը գրավեցին, Փաշինյանը դիմադրեց նաև այդ ժամանակ, նա համառ մարդ է: Այդ առումով նրա հիմնարար նպատակը իշխանություն լինելն է, քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում դա լուրջ ռիսկեր է պարունակում, ուստի նա կպայքարի դրա համար մինչև վերջ»,- հավելել է նա։ Պրիտչինի խոսքով, բողոքի ուժերի համախմբումը, ընդդիմության միավորումը և բողոքի զանգվածային լինելը ցույց են տալիս, որ հասարակության մեջ չափազանց շատ են Փաշինյանից և նրա գործողություններից դժգոհները։
«Մյուս կողմից, հարցեր են առաջանում առ այն, թե ներկայիս շարժման ղեկավարությունը որքանո՞վ կկարողանա օգտվել այս լուրջ բողոքի ակցիաներից: Բանն այն է, որ Փաշինյանը բավականին կոշտ է պահում իշխանական պատգամավորներին, որոնք արգելափակված են իրենց տներում, խորհրդարանում, վարչապետը շատ լուրջ ճնշման լծակներ ունի նրանց վրա, քանի որ նրանցից է կախված որոշում կայացնելը»,- ասել է փորձագետը։ Հիշեցնենք, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» հայկական շարժումը համակարգում է գործողությունները ողջ Հայաստանում՝ բողոքելով Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման միակողմանի գործընթացի դեմ, որը նախատեսում է չորս գյուղերի փոխանցում Բաքվին։
Շարժման հոգևոր առաջնորդը Բագրատ արքեպիսկոպոսն է, որի դեմ վերջին օրերին Հայաստանի իշխանությունների և արևմտյան կազմակերպությունների ֆինանսավորմամբ տարբեր լրատվամիջոցներ, բլոգերներ ու փորձագետներ տեղեկատվական պատերազմ են սկսել։ Մասնավորապես, նրանք քահանային մեղադրում են իբր Ռուսաստանի Դաշնությունից գումարներ ստանալու և երկրում ընդդիմադիր շարժում կազմակերպելու մեջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում