Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման հաղթարշավը թուլացնելու համար գործող վարչախումբն անցել է լիակատար բռնաճնշումների։ Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել են մի քանի անձինք, որոնց մեղադրում են իբր շահագրգռելու՝ մարդկանց հանրահավաքին բերելու համար։
Բնավ ոչ տարօրինակ զուգադիպությամբ իշխանության թիրախում են Արցախի իշխանությունների ներկայացուցիչները։ Ընդամենը 2 օրվա ընթացքում իրավապահ համակարգը ձերբակալել է Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերին, հաղորդագրություններ տարածել, թե վերջիններս հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց են շահագրգռել, նաև քրեական գործեր են հարուցել այլ հոդվածներով։
Ըստ էության՝ սա ոչ այլ ինչ է, քան փաշինյանական վարչախմբի վախի դրսևորում։ Ձերբակալվածներից մեկն էլ գինեգործ Հայկ Շահնազարյանն է, Բագրատ սրբազանի մտերիմ ընկերներից մեկը, որը բնականաբար աջակցություն է հայտնել ընդդիմադիր շարժմանը և անմիջապես հայտնվել գործող վարչախմբի թիրախում։
Հանրահավաքի մասնակիցների թիվը նվազեցնելու համար էլ քննչական կոմիտեն և այլ իրավապահ կառույցներ առանց դադարի հաղորդագրություններ են տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ սերմանել, հայտարարել են, որ քրեաիրավական գնահատական են տալու ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր դրսևորումներին, այդ գործողությունները կատարող անձանց արարքներին։
Հայաստանի 33-ամյա անկախության ընթացքում գրեթե նման դեպքեր չէին արձանագրվել, երբ հանրահավաքներից առաջ իրավապահ համակարգը բացահայտ սպառնալիքներով հանդես գա, ինչը վկայում է ընդամենը մեկ բանի մասին՝ իշխանության վախի, որևէ այլ հանգամանք այս ամենում չկա, իսկ ընդդիմությունը բավական ակտիվ է աշխատում՝ կարողանալով խափանել ոստիկանների բոլոր մտահղացումները։
Ալինա Մելքումյան