Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Առաջին Հանրապետության օրը՝ երեկ, պարզ դարձավ, որ Հայաստանում այլեւս երկիշխանություն է հաստատվել։ Երկրում ներքաղաքական օրակարգ թելադրում է Բագրատ սրբազանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ առաջնորդում է համաժողովրդական դարձած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ 6 տարի առաջ ժողովրդի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երեկ ստիպված եղավ ենթարկվել սրբազանի «խաղի կանոններին» եւ Սարդարապատի հուշահամալիր գնաց օրվա երկրորդ կեսին, երբ այնտեղից արդեն հեռացել էին շարժման առաջնորդն ու նրա աջակիցները, որոնք գիշերել էին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում՝ Նիկոլ Փաշինյանի այցը խափանելու նպատակով։ Արարողակարգի համաձայն, առավոտյան 10-ին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է լինեին Սարդարապատում, սակայն դա տեղի ունեցավ առնվազն 5-6 ժամ անց։
Փաշինյանն առանց ժողովրդի՝ անսպասելի, որ մարդ չիմանա, մի քանի թիմակիցների, ԱԺ եւ ՀՀ նախագահների, ոստիկանական մեծաթիվ զորքի ուղեկցությամբ շտապեց Սարդարապատ` սրբազանի՝ Երեւան վերադառնալուց հետո, որ պսակ դնի, ելույթ ունենա եւ համարի, որ դեռ ինքն է երկրի վարչապետը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Փաշինյանի այցի ժամանակ արգելում էին շարքային քաղաքացիների մուտքը հուշահամալիր, նրա անձնական օգտագործման ոստիկանները պատ էին կազմել, որ թույլ չտան Վեհափառին ու հոգեւոր դասին՝ մուտք գործել համալիր, որոնք, Փաշինյանի այցից անտեղյակ, հենց այդ ժամին էին ժամանել Սարդարապատ։
Կատարված խայտառակությունից փրկվելու եւ պատմությունը կեղծելու նկատառումներով, այցից առաջ հուշահամալիրի առջեւից հավաքել էին մինչ այդ տեղադրված բոլոր ծաղկեպսակները՝ նախկին նախագահների, Վեհափառի եւ քաղաքական ուժերի կողմից խոնարհված, որպեսզի ցույց տան, որ երկրում իշխանության գլուխն ինքն է՝ Փաշինյանը, եւ իրենով է սկսվել տոնական օրը։
Ուշագրավ է, որ ուսապարկերի խմբակցությունից հաշված պատգամավորներ էին ներկա տոնական միջոցառմանը: Նկատենք, որ նախկինում ոչ միայն հաղորդագրություն էին տարածում՝ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներից մեկ օր առաջ, լրագրողների հավատարմագրում անում` եթե մուտքը բաց չէր, հատկապես ՔՊ-ական թիմին էին տեղեկացնում, թե իշխանությունը որտեղ, որ ժամին է լինելու: Երեկվա միջոցառման մասին որեւէ մեկը տեղեկացված չի եղել: Այն այնքան սպոնտան է եղել, որ մեր լրագրողը պատահաբար է նկատել գլխավոր դատախազի եւ ԱԺ նախագահի շարասյուները, որոնք ուշացումով սլանում էին, որ Փաշինյանի հետեւից հասնեին: Ամեն ինչ արել էին, որ հնարավոր արտահոսքերից խուսափեն։ Ավելին, փորձեցին մոլորեցնել ժողովրդին` լուրեր տարածելով, թե Սարդարապատի փոխարեն Ապարան են գնալու։
Իսկ մինչ Սարդարապատ մեկնելը Փաշինյանը նեղ խմբի հետ պալատական միջոցառման էր՝ նախագահականում կոչումներ ու մեդալներ էին շնորհում զինված ուժերի եւ ոստիկանական զորքերի այն ծառայողներին, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել Տավուշի չորս տարածքների հանձնման աշխատանքներին եւ հակաիշխանական ցույցերի ժամանակ։
Իսկ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ողջ գիշեր ելույթ է ունեցել Փաշինյանի համար նախապատրաստված հատուկ բեմահարթակից, պետական արարողակարգի պատասխանատուներն էլ, ըստ լուրերի, սիրահոժար ապահովել են բոլոր տեխնիկական հարցերը՝ բարձրախոս, ձայնի որակ եւ այլն։
«Դեպի Սարդարապատ մեր ուխտագնացության ընթացքում մի կարեւոր արձանագրում արեցինք, որ մեր երկրում ասողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք»,- արձանագրել է սրբազանը` Սարդարապատից ավտոերթով վերադառնալով Երեւան եւ մինի հավաք անելով Հանրապետության հրապարակում։ Նա դիմել է աջակիցներին՝ հորդորելով այսօր առավոտյան 8-ին լինել Սուրբ Աննա եկեղեցու բակում։ «Տարբեր ուղղություններով չենք գնալու, միասին մեկ ուղղությամբ պետք է գնանք` անելիք ունենք»,- հայտարարել է նա՝ փակագծեր չբացելով։ Որոշ տեղեկություններով՝ սրբազանը պատրաստվում է մարդկանց ուղղորդել դեպի խորհրդարան, որտեղ մեկնարկելու է նախորդ տարվա բյուջեի քննարկումը, եւ պետք է գտնվի կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հնարավոր է, որ շրջափակեն խորհրդարանի շենքը` թույլ չտալով, որ Փաշինյանը մուտք գործի ԱԺ, կամ եթե գիշերն է ժամանել ԱԺ, որ մասնակցի այսօրվա քննարկմանը, թույլ չտան հեռանալ։
Շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունները, ասելով՝ ես տեղյակ չեմ, սրբազանն իր քայլերի մասին ոչինչ չի ասել։ Հարցրինք՝ ի՞նչ մարտավարություն է առաջիկա օրերին շարժումը որդեգրելու, ի՞նչ գործողություններ եւ քայլեր եք ծրագրել։ Դանիելյանն ասաց, որ անչափ հոգնած է` չի կարող խոսել։ Շարժման հետագա ընթացքի եւ այլնի մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էլ կարծիք չհայտնեցին՝ վստահեցնելով, որ տեղյակ չեն։
Այդուհանդերձ, որքան էլ ժողովրդականություն է վայելում սրբազանի առաջնորդած շարժումը, եւ որքան էլ մեծ է Փաշինյանին հեռացնելու ցանկությունը, այս գործիքակազմով դա հնարավոր չէ անել, քանի որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյան չէ, եւ բոլորը հասկանում են, որ իշխանությունը հեշտ չի հանձնելու։ Բժիշկ Տարոն Տոնոյանը, օրինակ, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց, որ զբոսանքներով հնարավոր չէ հեռացնել իշխանություններին, այլ գործիքակազմ է պետք մտածել։
Իսկ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ իրենց միակ մխիթարությունն այն է, որ հանրահավաքի բամահազարանոց մասսան չի մասնակցում փողոցի գործողություններին, իսկ տներում նստած` Նիկոլի հեռացումը երազող միլիոնավորներն իրենց համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Իրավիճակը կարող է փոխվել, երբ մի քանի հազար ծեծող ոստիկանի դիմաց կանգնի մի քանի հարյուր հազար պայքարող մարդ: Իսկ թե «սրբազան պայքարն» ինչ-որ նոր գործիքակազմ կծնի, որը տարբերվի 2018-ի պայքարի մեթոդներից եւ հասցնի հաջողության, դեռ պարզ չէ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում