Մերժելի են` Եկեղեցին, պետությանը հակադրելու չարամիտ փորձերը. Մայր Աթոռի աշխարհասփյուռ միաբանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Վեհափառ Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու ՀՀ ոստիկանական ուժերի գործողության վերաբերյալ:
Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ դրսևորված ամոթալի ու դատապարտելի գործելակերպը հարված է Հայոց պետականության հիմերին, պետության հեղինակությանը ու ազգային արժանապատվությանը:
Հայոց Եկեղեցու առաքելությունը միշտ ուղղված է եղել Հայոց անկախ պետականության վերակերտմանը և պետության զորացմանը: Հետևաբար, անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները:
Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել:
Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհը և վերահաստատի համերաշխությունը մեր ժողովրդի զավակների կյանքում: