Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել 19 օրենք՝ ընդդեմ ոչ ավանդական հարաբերությունների
ԻՐԱՎՈՒՆՔՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր խորհրդարանի ճեմասրահում կայացած հատուկ ճեպազրույցում ներկայացրել է օրինագծերի փաթեթ, որը կտրուկ սահմանափակում է երկրում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների իրավունքները։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Պապուաշվիլիի՝ օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում և կրթության մասին օրենսդրությունում:
Շալվա Պապուաշվիլին ասել է, որ բոլոր 19 օրինագծերը խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ կընդունվեն մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի կեսերը։ Երկրորդ և երրորդ ընթերցումները տեղի կունենան աշնանը։
Ըստ օրինագծերի՝ կարգելվի կնոջ և տղամարդու միջև ամուսնությանն այլընտրանքային ցանկացած հարաբերության գրանցումը, երեխայի որդեգրումը միասեռ զույգերի կողմից, սեռը փոխելու ցանկացած բժշկական ընթացակարգ. եթե վիրահատությունը կատարվել է արտասահմանում, ապա Վրաստանում տրված բոլոր փաստաթղթերում նշված կլինի քաղաքացու «գենետիկ սեռը»:
Կարգելվի նաև ԼԳԲՏ թեմաներով ցանկացած «քարոզչություն» լրատվամիջոցներում։ Գեղարվեստական գրականության և ֆիլմերի համապատասխան բովանդակությունը կարգելվի մասնավոր կամ հանրային հեռուստառադիոընկերություններում և գրադարաններում, ինչպես նաև ցուցասրահներում: