Փաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ խորհրդարանում ընդդիմության բացակայության պայմաններում Փաշինյանը սենսացիոն հայտարարություններ է արել, որոնք առաջին հայացքից կարող են անհեթեթ և ժամանակավրեպ թվալ, մասնավորապես հայտարարել է, թե այս պահից սկսած Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն, ինքը ևս ցանկություն չունի հանդիպելու Լուկաշենկոյի հետ, իսկ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։
Պատճառը, ըստ Փաշինյանի, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի արած հայտարարություններն էին, թե Բելառուսը տեղյակ է եղել պատերազմի նախապատրաստումից, անգամ՝ մասնակցել։ Տարօրինակն այս ողջ գործընթացում այն է, որ Փաշինյանն ուղիղ մեկ ամիս հետո է բարեհաճում անդրադառնալ Բելառուսի նախագահին և նրա հայտարարություններին, թեպետ դեռ կարող էր մայիսի կեսերին բողոքի պաշտոնական նոտա հղել և խորհրդակցությունների համար հետ կանչել դեսպանին, ինչպես արել են երեկ։
Ըստ երևույթին, խնդիրն ամենևին էլ ո՛չ Լուկաշենկոն է և ո՛չ էլ ՀԱՊԿ-ն։ Մինսկում, ի դեպ, հասկացել են, թե որն է իրական պատճառը։
«Բոլորս տեսնում ենք, թե այսօր Հայաստանում որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, իսկ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրություն ունեն, հուզական լուրջ սթրեսի նկատմամբ, բայց մենք չենք հասկանում, թե ինչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,- նշել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, հավելել, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։
Ըստ էության, Փաշինյանը սրելով ՀԱՊԿ-ի և Բելառուսի դեմ իր խոսույթը, ընդամենը ցանկանում է հայ հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից և Բագրատ Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժումից։
Որևէ այլ ողջամիտ բացատրություն, այն էլ հիմա, անհնար է անել։
Մանան Եսայան