Տեղը գաղտնի են պահում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։ Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։
Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։ Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։ ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 06․ 24 թ համարում։